Պաղեստինի ազգային ղեկավարությունն ընդունել է միակողմանի անկախություն հայտարարելու մասին վերջնական որոշում:
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը մտադիր է արդեն այս տարվա սեպտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստի գումարման ժամանակ, համապատասխան խնդրանքով դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալքին:
Նա մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի գումարման բացման օրը Մահմուդ Աբբասն անձամբ կներկայացնի այդ դիմումը, որից հետո փաստաթուղթը քննարկման կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Խոսքը Պաղեստինի անկախության ճանաչման մասին է՝ 1967թ. սահմաններով, ինչը ներառում է Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը:
Իր հերթին Վաշինգթոնը դեմ է միակողմանի անկախության հայտարարմանը: ԱՄՆ-ը Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում Պաղեստինի անկախության հռչակման կողմնակից է:
Ռիադ ալ-Մալքին հայտարարել է, որ ավելի քան 130 պետություն պատրաստ է ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ 1967թ. սահմաններով:
Որոշ փորձագետներ գտնում են, որ Պաղեստինի միակողմանի անկախության հայտարարումը վերջնականապես կտապալի խաղաղության գործընթացը: Իսրայելում արդեն խոսվում է այն մասին, որ միակողմանի անկախության հայտարարման դեպքում Իսրայելը կհրաժարվի Օսլոյում 1993 և 1995 թվականներին ստորագրած իր պարտավորություններից, որոնք արդեն մոտ երկու տասնամյակ կարգավորում են Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունները և հիմք են ծառայում խաղաղ բանակցությունների համար:











































