Հայերն իրենց ռուսամետությամբ աշխարհի երկրների ցանկում առաջին հնգյակում են, և, ինչպես ցույց են տալիս ամերիկյան Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հերթական ուսումնասիրության արդյունքները, հայաստանցիների 75 տոկոսն աջակցում է Ռուսաստանի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը։
Այս երևույթի, նրա պատմական հիմքերի, մասին «Առաջին լրատվականը» փորձեց մեկնաբանություն ստանալ պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանից։ Ըստ պատմաբան-ազգագրագետի՝ ռուսամետությունը մեզանում պատմականորեն ձևավորված երևույթ է և գալիս է մեր պատմությունից, Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որը նախապատրաստվել է 18-րդ դարի երկրորդ կեսից, երբ Ռուսաստանը սկսեց Կովկասում վարել կոնկրետ նպատակամղված քաղաքականություն:
«Ու քանի որ հայերը Կովկասում բնակվող ազգերից էին, ռուսները բոլոր ազգերի մեջ փորձում էին իրենց մարդկանց գտնել՝ իրենց քաղաքականությունն իրացնելու համար։ Հայերը դարձան այդ ազգերից մեկը, ռուսները ստեղծեցին հայերին փրկողի կերպարը, որ իրենք հյուսիսի քրիստոնյա այն եղբայրն էին, որ եկել էին Կովկասի քրիստոնյաներին փրկելու մուսուլմաններից։ Եվ քրիստոնեության բաղադրիչի վրա ռուսները կարողացան կազմակերպել Կովկասում իրենց գաղութային քաղաքականությունը և իրացրին դա, դարձան Կովկասում փրկիչ քրիստոնյա մեծ եղբայրը, հայերն էլ մեծ հաճույքով ընդունեցին և դարձան ռուսական բանակի կազմում ամենաակտիվ կռվող ազգերից մեկը՝ այն հույսով, որ պետք է ռուսների օգնությամբ նաև իրենք իրականացնեն իրենց ազգային ծրագիրը, այսինքն՝ վերականգնեն իրենց անկախությունը»,- հայտնեց Ա. Թադևոսյանը և հավելեց.
«Կարելի է ասել, որ արմատները այստեղից են գալիս, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կա գաղութային քաղաքականություն, որը ոչ միայն կոշտ ուժով է կիրառվում, այլ նաև փափուկ ուժով։ Փափուկ ուժով այն իրացվում է մշակույթում՝ տեղական էլիտաների գիտակցությունն այնպես ձևավորելով, որ այդ էլիտաները քարոզում են արդեն ռուսական բարեկամությունը, հովանավորությունը, լեզվի գերակայությունը, և եթե մենք նայենք, հայկական էլիտան արդեն ցարական Ռուսասատանի շրջանում և հետո նաև Սովետական Ռուսաաստանի գաղութային տիրապետության շրջանում դարձել էր ռուսալեզու, և ռուսերենը ավելի հարգի էր, քան հայերեն ամեն ինչը։
Եվ այն մարդիկ, ովքեր ռուսական մշակույթի ներակայացուցիչներն ու դրանց տարածողներն էին Հայաստանում, համարվում էին մի կարգ բարձր, դա դասական գաղութային կենսակերպ է, որը հայերը դեռ պահպանում են իրենց մեջ, և այն միտքը, որ հայերը առանց Ռուսաստանի հովանավորության չունեն անվտանգությունն ապահովող այլ հնարավորություն, առասպել է, որը ռուսական գաղութարարության թևերից մեկն է Հայաստանում, և որն էլ վերարտադրվում է հայկական էլիտայի կողմից»։
Ըստ պատմաբանի՝ չնայած Հայաստանը ֆորմալ երկիր է, բայց Հայստանում կան շատ էլիտաներ, հատկապես Ռուսաստանում գործող հայ մեծահարուստները շարունակում են նեոգաղութային քաղաքականություն, և հանդիսանում են Ռուսաաստանի այդ քաղաքականության իրականացնողները Հայաստանում։
Որպես ռուսամետությունից ազատվելու միջոց Ա. Թադևոսյանն առաջարկեց.
«Դա կլինի, եթե մարդիկ մտածեն, որ աշխարհում կան անվտանգության այլ համակարգեր ևս, եթե մտածեն, որ ավելի լավ ճանապարհ է եվրոպական քաղաքակրթությանը ինտեգրվելը, ԵՄ անդամ դառնալու ձգտում ունենալը, եվրոպական անվտանգության համակարգի մեջ մտնելը, ինչպիսին, ասենք, ՆԱՏՕ-ն է, որը կարող է նույնպես այլընտրանքային հանդիսանալ Հայաստանի անվտանգության ապահովման համար։
Եթե ասյպիսի մտածողները Հայաստանում շատանան, ապա նեոգաղութային ազդեցությունը և քաղաքականությունը հաջողելու հեռանկար չեն ունենա։
Ազատվելու միակ ձևը անընդհատ մարդկանց հասկացնելն է, որ Ռուսաստանը մի երկիր է, որի հետ պետք է պահպանել բարիդրացիական հարաբերությունններ, բայց չհամարել, որ նա մեր տերը, հովանավորն ու պաշտպանն է, և փնտրել ներդրում անելու պատրաստ այլ համագործակից երկրներ»։
Ա. Թադևոսյանի խոսքով՝ մեր ազգի 60-70 տոկոսը ինֆանտիլ է իր մտածողությամբ, անկարողունակ է, կույր է իր երկիրը պաշտպանելու, երկրի համար զարգացման ճանապարհներ գտնելու համար և միակ հնարավորությունը տեսնում է Ռուսաստանի հովանավորության մեջ։
Հայերի ռուսամետության մեջ պատմաբանների ունեցած դերի մասին խոսելով՝ Ա. Թադևոսյանն ասաց. «Պատմաբանների մեղքն այնքան է, որ նրանք դեռ շարունակում են մնալ սովետահայ պատմաբաններ, իսկ սովետահայ պատմագիտության ողջ ֆունկցիան մեկն էր՝ ցույց տալ, որ Սովետական Հայաստանը և հայ ժողովուրդը սովետական ժողովրդի մի մասն են, որտեղ մեծ եղբայրը ռուսն է։ Այսինքն՝ սովետահայ պատմաբանները Հայաստանում հենց այդ գաղութային մտածելակերպի վերարտադրողներն են եղել»։








































