Իսպանական «Վալենսիա»-ի 19-ամյա ֆուտբոլիստ Պակո Ալկասերայի հայրը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ Պակոն իտալական «Ռոմա»-ի հետ ընկերական խաղում դարձել է գոլի հեղինակ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Վալենսիա»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով: Պակո Ալկասերայի հորը մարզադաշտից անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը, ինչն ըստ բժշկական հետաքննության նա ստացել է տղայի գոլ խփելուց անմիջապես հետո:
Ակումբի ղեկավարությունն արդեն ցավակցել է ֆուտբոլիստին, ով վերջերս Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ մրցաշարի եզրափակիչում երկրորդ խաղակեսի վերջնամասում խաղադաշտ դուրս եկած Պակոն լրացուցիչ ժամանակում դարձավ չեխերի դարպասը խփած որոշիչ երկու գոլերի հեղինակը:






































