WikiLeaks-ը հրապարակել 2010-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիի գրությունը` ուղղված ԱՄՆ Պետքարտուղարությանը, որտեղ ասվում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը մեծ ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կատարման մասով Ջեֆրին նշել է, որ իրանական հարցը մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա՝ զիջելով միայն հայկական արձանագրություններին:
Ջեֆրին նաև նշել է, որ մոտակա ամիսներին ԱՄՆ-ի առջև կանգնած հիմնական մարտահրավերներն են՝ թուրք-իսրայելական հարաբերությունները, հայ-թուրքական արձանագրությունները և Իրանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նաև ասել է, որ Թուրքիան վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն և մեջբերել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի 2009-ին Սարաևոյում ունեցած ելույթը: Այնտեղ Դավութօղլուն ասել էր, որ Բալկանները, Կովկասը և Մերձավոր Արևելքը ավելի լավ վիճակում էին օսմանյան կառավարման ժամանակ: «Մենք կվերականգնենք այդ Բալկանները»,- նշել էր Թուրքիայի ԱԳ նախարարը:










































