Չինաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է համոզել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանին» իրականացնել խաղաղ և բարեկամական քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում։
«Անհրաժեշտ է դրդել «Թալիբանին» անցկացնելու չափավոր և խոհեմ կրոնական քաղաքականություն, աշխատել բոլոր կուսակցությունների հետ՝ բաց և համապարփակ քաղաքական կառուցվածք ձևավորելու համար, ինչպես նաև իրականացնել խաղաղ և բարեկամական արտաքին քաղաքականություն, հատկապես ապրել հարևան երկրների հետ ներդաշնակ՝ Աֆղանստանի վերականգնման ու զարգացման համար»,- նախարարի խոսքերն է մեջբերում Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Վան Ին ընդգծել է նաև Աֆղանստանում Չինաստանի և Ռուսաստանի օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ աջակցելով միմյանց և ժամանակին հայտնելով տեղի ունեցողի մասին։
Օգոստոսի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի ֆոնին Չինաստանն ու Ռուսաստանը կլցնեն երկրի քաղաքական վակուումը։








































