Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Էրդողանը, հանդես գալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում, անդրադարձել է նաև Սոմալիի երաշտին ու սովին։
Իր ելույթում Էրդողանը քննադատության է ենթարկել այն բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, ովքեր անտարբերություն են ցուցաբերում Սոմալիի խնդիրների նկատմամբ. «Աֆրիկայի բնական հարստությունների թալանչիները հանգիստ, առանց խղճի խայթի հետևում են աղետին»։
Էրդողանը նաև ցանկություն է հայտնել մեկնել Սոմալի։ Նրան ուղեկցելու են ընտանիքն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Աֆրիկայի արևելյան շրջաններում շարունակվող երաշտի և դրանով պայմանավորված սովի հետևանքով անցած 90 օրերի ընթացքում զոհվել է մինչև 5 տարեկան 29 հազար երեխա: ՄԱԿ-ը Սոմալիի 5 շրջաններ հայտարարել է աղետի գոտի: Ներկայումս Սոմալիում սննդի կարիք ունի մոտ 2.3 միլիոն մարդ:
Ի դեպ, Դավութօղլուի նախաձեռնությամբ, օգոստոսի 17-ին Ստամբուլում տեղի է ունենալու «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) արտակարգ նիստը, ուր քննարկվելու են Սոմալիում և ընդհանրապես աֆրիկյան երկրներում տիրող աղքատության ու սովի դեմ պայքարի ուղիները։











































