Դոկտոր Մոջթաբա Զոլնուրին՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա սահմանային հակամարտությունների մասին Թեհրանում «Սպուտնիկ»-ի լրագրողի հարցին պատասխանել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:
Նա երկու երկրներին էլ իրավասու համարեց պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը և ընդգծեց. «Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում: Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք, և ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»:
ՄԱՀԻԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ Իրանը մշտապես այն կարծիքին է եղել, որ սահմանները չպետք է փոփոխության ենթարկվեն.«Դա իրենց համար սկզբունքային նշանակություն ունի։ Բայց, այնուամենայնիվ, ներկա դրությամբ բացի խստիվ քննադատությունից չեմ կարծում, որ Իրանը դիմի ինչ-որ գործնական քայլերի։Գուցե տարբեր կողմերի հետ բանակցություններ վարի, բայց ոչ ավելին։
Ես առաջին ժամերից ասել եմ՝ անկախ նրանից,թե ինչ զարգացումներ կլինեն, ինչպիսի դիրքորոշում կունենա ՀԱՊԿ-ը՝ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Իհարկե Իրանը ՄԱԿ-ի անդամ չէ, բայց ես այդ քայլը կարևոր եմ համարում։ Միևնույն ժամանակ բացառում եմ, որ Իրանը կարող է դիմել ռազմական քայլերի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Իրանը Հայաստանի համար կարևոր է լինել Ֆրանսիայի նման դաշնակից՝ առանց ռազմական օգնություն տրամադրելու.«Եթե հիշում եք՝ Զարիֆը Թեհրանում մի կարևոր բան ասաց՝ սահմանների փոփոխությունը մեր կարմիր գծերն են։ Իրենք միշտ եղել են այդ դիրքորոշման՝ անգամ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։Իրենք ենթադրում էին, որ պատերազմի արդյունքում կլինի սովետական սահմանները ու իրենք Հայաստանի հետ կունենան առանց որևէ մտահոգության հարաբերություններ։Բայց արդյունքում Ադրբեջանը որոշեց, որ պեքտ է միջանցք ունենա՝ շրջանցելով Իրանին տարբեր կողմերով ու անտեսելով այն հանգամանքը, որ Իրանը պնդել է, որ սահմանների փոփոխություն չպետք է տեղի ունենա։ Հիմա Թեհրանը միանշանակ շատ դժգոհ է, բայց չի բարձրաձայնում, շարունակում է դիվանագիտական լեքսիկոնով եղբայրական, մշակութային, պատմական ընդհանրություններից խոսել»։
Բեգիջանյանը շեշտում է, որ այժմ Իրանում էլ է ծանր իրավիճակ՝ ներքաղաքական հարցերը բավականին լարված են, սպասվում են ընտրություններ.«Այդ պատճառով էլ կտրուկ քայլեր սպասել պետք չէ։ Բայց այն, որ Իրանը դեմ է լինելու սահմանների փոփոխությանը՝ միանշանակ է։ Նա դա կանի դիվանագիտական ճանապարհով, գուցե նաև աջակցելով Հայաստանին։ Թեհրանը դա կանի, որովհետև առաջին հերթին դա բխում է հենց իր շահերից։ Ինչպես ավելի վաղ ասել եմ՝ տարածաշրջանում միակ երկիրը, որի հետ մեր շահերը համընկնում են անվտանգության առումով՝ Իրանն է։ Պարզապես Իրանը ունի այլ գերակա շահեր, որն իրեն թույլ չի տալիս ավելի գործուն աջակցություն ցույց տալ Հայաստանին»,-եզրափակեց նա։









































