Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.
«Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես զավթիչ և ոչ թե որպես միջնորդ կամ խաղաղարար։ Ռուսաստանը պարզապես վրացական պետության դեմ է ծառայեցնում անջատողական տրամադրությունները։ Մենք նկատում ենք Աբխազիայում ու Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացում, այդ գոտիների ռազմականացում։
Մենք նաև տեսնում ենք ռուսական դիվանագիտության լիակատար ձախողումը։ Ռուսաստանը փորձում է իր ռազմական հաջողություններն օրինականացնել դիվանագիտական մակարդակում, սակայն Վենեսուելայի կամ Նաուրուի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը չի ավելացնում ռուսական դիվանագիտության կշիռը։
Մենք նաև ականատես ենք լինում միջազգային ճնշման մեծացմանը։ Խոսքը ոչ միայն ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևի, այլև՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի, Եվրախորհրդարանի ու Եվրոպայի Խորհրդի հնչեցրած հայտարարությունների մասին է։
Ներկայումս Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը, փոխանակ փորձի կարգավորել Վրաստանի հետ իր հարաբերությունները, Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռազմաբազաների բացման հարցը։ Դժբախտաբար, իրեն իրավաբան համարող Ռուսաստանի նախագահը շարունակ խախտում է միջազգային նորմերը»։











































