Ըստ վրացական լրատվամիջոցների, առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է բանտից ազատ արձակվել Վրաստանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան:
Եվրամիությունը Նիկա Մելիային ազատ արձակելու համար որպես գրավ վճարել է 40 հազար լարի (11,7 հազար դոլար), հայտնում է տեղական Formula ՀԸ-ն:
Մելիան ձերբակալվել էր 2021 թվականի փետրվարի 23-ին`գրավ մուծելուց հրաժարվելուց հետո: Նրան ձերբակալել էին Թբիլիսիում «Գավրիլովյան գիշեր» անվամբ հայտնի (21.06.2019թ.) իրադարձությունների ժամանակ՝ զանգվածային բռնության կազմակերպման, մասնակցության և խորհրդարանը գրոհելու փորձ կատարելու համար:
Եվրամիությունից գրավի վճարման հարցն օրակարգում էր այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին Վրաստանի կառավարությունը և ընդդիմության որոշ առաջնորդներ ստորագրեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկած փաստաթուղթը՝ Սաակաշվիլիի թիմակից Մելիային ազատ արձակելու և ընդդիմությանը խորհրդարան բերելու պայմանով: