Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 5-ին տարածեց հայտարարություն, որով փաստացի այսպես ասած գաղտնազերծեց ավելի վաղ տեղի ունեցած ՀՀ և Արցախի նախկին նախագահների փակ հանդիպումը: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայնացրեց իր խոսքով այդ հանդիպմանն արված առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և պետությունը փրկելու համար արտահերթ ընտրությանը մասնակցել նախկին երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինքով», մի կողմ դնելով նախկինում ունեցած տարաձայնությունները: Տեր-Պետրոսյանը փաստորեն հրապարակավ կրկնել է փակ հանդիպմանն արած իր հայտարարությունը: Նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդեն արձագանքել են, մերժելով առաջարկն ու ասելով, որ կայացրել են ընտրությանը մասնակցելու ձևաչափային որոշում: Միաժամանակ, նրանք երկուսն էլ դժգոհություն և տարակուսանք են հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայնացրել է փակ հանդիպման բովանդակությունը: Այստեղ թերևս ուշադրության է արժանի ոչ այնան Տեր-Պետրոսյանի առաջարկը, որքան այն, որ շաբաթներ առաջ փակ հանդիպմանն արված առաջարկը առաջին նախագահը որոշել է կրկնել հանրայնորեն:
Տեր-Պետրոսյանը թերևս բավականին փորձառու և իմաստուն գործիչ է, հասկանալու համար, որ շաբաթներ առաջ փակ հանդիպմանը մերժված առաջարկը ընդունելի լինելու շանս չունի հանրայնացման պարագայում առավել ևս, հատկապես, եթե Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ արդեն կայացրել են արտահերթ ընտրությանն իրենց առանձին մասնակցության ձևաչափային որոշումը: Հետևաբար առաջանում է հարց, թե ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը անում շանս չունեցող, մերժված առաջարկը բաց տեքստով: Այստեղ թերևս դիտարկման է արժանի երկու հանգամանք:
Մայիսի 7-ին տեղի է ունենալու նրա գլխավորած կուսակցության համագումարը, որում պետք է կայացվի արտահերթ ընտրությանը մասնակցել-չմասնակցելու որոշում: Արդյո՞ք առաջին նախագահը համագումարից առաջ հանրայնացնելով իր առաջարկը, հող է պատրաստում համագումարի ընթացքում իր որևէ դիրքորոշման համար, որը կարող էր առանց այս առաջարկի հանրայնացման դժվար ընդունելի լինել իր կուսակիցների և համակիրների համար: Մյուս դիտարկման արժանի հանգամանքը այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին նախագահների հետ փակ հանդիպման իր առաջարկը հանրայնացնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցից ժամեր առաջ, այդպիսով փաստորեն հետաքրքիր ձևով «դիմավորելով» Լավրովին: Եվ արդյո՞ք այստեղ է նաև պատճառը, որ, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը դժգոհեցին, որ առաջին նախագահը հանրայնացնում է փակ հանդիպման հարցը առանց իրենց հետ նախապես համաձայնեցնելու:










































