Հնդկաստանում COVID-19-ից մահվան նոր ռեկորդ է սահմանվել։ 1 օրում հիվանդությունը գրեթե 3700 մարդու կյանք է խլել, նոր դեպքերի թիվը գերազանել է 360 հազարը։ Իսկ նախորդ օրը Հնդկաստանը դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որտեղ 24 ժամում արձանագրվել էր կորոնավիրուսի 400 հազարից նոր դեպք։
Հիվանդանոցներում չեն բավականացնում մահճակալները, ծանր հիվանդներին անհրաժեշտ թթվածնի պակաս կա։ Մի քանի տասնյակ երկրներ Հնդկաստանին օգնության ձեռք են մեկնել։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ չնայած աղետալի վիճակին՝ իշխանությունները համազգային լոքդաուն չեն սահմանում՝ վախենալով տնտեսական անկումից։ Անցյալ տարվա ապրիլից հունիս սահմանված լոքդաունի պատճառով Հնդկաստանում տնտեսական անկումը կազմել է 24%:
Համավարակի պայմաններում Հնդկաստանում նահանգային ընտրություններ են անցկացվում։ Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կարևոր նահանգներից մեկում՝ Արևմտյան Բենգալում, վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը պարտություն է կրել։ Մոդիին քննադատում են այն բանի համար, որ ուշադրությունը, փոխանակ համավարակի վրա կենտրոնացնելու, սևեռել է ընտրությունների վրա։










































