«Բարսելոնա»-ի ռուսալեզու կայքերից մեկի հաղորդմամբ՝ ամերիկյան շրջագայության շրջանակներում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի անցկացրած 3 հանդիպումներին ներկա է գտնվել 212,694 մարդ։ Դա բավական բարձր ցուցանիշ է, ինչը վկայում է ԱՄՆ-ում «Բարսելոնա»-ի բազմաթիվ երկրպագուների առկայության մասին։
«Ամերիկա» ակումբի հետ ընկերական հանդիպմանը մարզադաշտում հետևել է 60,807 մարդ, և դա այն դեպքում, երբ մարզադաշտն ի վիճակի է տեղավորել 63,000 մարդու։ Բացի այդ, այստեղ պետք է հաշվի առնել, որ «Բարսելոնա»-ի այդ հանդիպումն անցկացվել է ոչ ավանդական ժամկետում՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին։
Տրիբունաներում գտնվող երկրպագուների ճնշող մասը երկրպագել է կատալոնյան ակումբին, թեև դրանցում նկատվել են նաև դեղին մարզաշապիկներ։
«Մանչեսթեր»-ի հետ հանդիպմանը ներկա է գտնվել 81,807 մարդ, իսկ «Չիվասի» հետ հանդիպմանը՝ 70,080 մարդ։ Ընդհանուր առմամբ, «Բարսելոնա»-ի այս երեք ընկերական հանդիպումները մարզադաշտերում հավաքել են 212,694 հանդիսական։
Ի դեպ, երբ 2009 թվականին «Բարսելոնա»-ն հանդիպումներ անցկացրեց Լոս Անջելեսում, Սիեթլում և Սան Ֆրանցիսկոյում, մարզադաշտերի հաճախելիությունը կազմել էր 221,557 մարդ։












































