ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 79 «կողմ» և 2 «դեմ» ձայներով։ Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նման կարգավորումները խիստ անհրաժեշտ են ընդունել արտահերթ ընտրություններին ընդառաջ:
Նշենք, որ ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է՝ ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, աշխատողին (պետական կամ մասնավոր) պարտադրելը, որ մասնակցի որևէ հանրահավաքի, ինչպես նաև հանրահավաքին մասնակցելու համար փող տալը, բարձրաստիճան պաշտոնյայի կամ թեկնածուի կողմից օտարերկրյա քաղաքացիության փաստը թաքցնելը, չնույնականացվող աղբյուրներով թեկնածուներին վարկաբեկող սուտ հրապարակելը: Նախագծով նաև մի շարք հոդվածներով փոխվում են պատժաչափերը։ Նկատենք, սակայն, որ փաթեթից դուրս է մնացել նախապես քննարկված, Վենետիկի հանձնաժողով ուղարկված քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման բոլոր հոդվածները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:











































