ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները հնարավոր չէ մշակել առանց Ռուսաստանի մասնակցության, իսկ եվրոպական երկրների նման մոտեցումը կարող է բացառել նրանց ներգրավվածությունը կարգավորման գործընթացում։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Փարիզում անցկացված «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը։
Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Պեսկովն ընդգծել է. ««Անհնար է ձևակերպել անվտանգության երաշխիքներն առանց Ռուսաստանի մասնակցության։ Եթե իրոք, իրոք դա եվրոպացիների համոզված դիրքորոշումն է, և եթե նրանք պնդում են այդ դիրքորոշումը, ապա դա բացարձակապես բացառում է եվրոպական երկրների մասնակցության հնարավորությունը կարգավորման գործընթացին»։









































