Սիրիայի պետական անվտանգության մարմիններին հաջողվել է փրկել հին մետաղադրամների եզակի հավաքածուն սև շուկայում վերավաճառվելուց: Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության ժամանակներին պատկանող մետաղադրամների հավաքածուն նվիրեցին Լաթաքիայի թանգարանին: Սրանք ավելի քան հազար տարեկան ոսկե մետաղադրամներ են։ Լաթաքիա նահանգում են տեղակայված Խմեյմիմի և Տարտուսի ռուսական ռազմաբազաները: Վերջերս մի քանի նման ցուցանմուշներ տեղափոխվել են տեղի թանգարաններ, որոնք վերաբացվում են Ռուսաստանի զինված ուժերի օգնությամբ ազատագրված Սիրիայի տարածքներում:
Գանձերը պատերազմի ընթացքում ընկել են ահաբեկիչների ձեռքը: Ահաբեկիչները սովորաբար երկրից հնաոճ և այլ թանկարժեք իրեր են հանում, վաճառում սև շուկայում և այդ միջոցներով զենք գնում ու վարձկաններ հավաքագրում:
Երկրի մեծ մասում խաղաղության հաստատվելուն պես գողացված թանկարժեք իրերը վերադարձվում են թանգարաններ: Տեղի հնէաբանները նախատեսում են առաջիկայում վերսկսել նաև պեղումները:
Ըստ Սիրիայի Անտիկ իրերի թանգարանի պեղումների և հնագիտական հետազոտությունների գլխավոր բաժնի ղեկավար Օմամ Ասադի՝ Սիրիայում պատերազմից առաջ շուրջ 150 հնագիտական առաքելություններ էին գործում ամբողջ աշխարհից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Ճապոնիայից։