Եվրախորհրդի խորհրդատվական մարմին Վենետիկի հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել, որով Վրաստանին խորհուրդ է տալիս վերանայել Ընտրական օրենսգիրքը, «Քաղաքական միավորումների մասին» օրենքը և խորհրդարանական կանոնակարգերի բարեփոխումները:
2020-ի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի իշխող կուսակցությունը որոշեց իր օրենսդրական նախաձեռնությունը ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ գնահատման համար, համաձայն որի՝ ներկայիս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը, կարող են կորցնել պետական ֆինանսավորումը, իսկ «Միացյալ ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ գրանցման իրավունքը:
Ըստ «Նովոստի-Գրուզիա» -ի՝ Վրաստանում նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել ինչպես ընդդիմության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից: Վենետիկի հանձնաժողովն իր այսօրվա հայտարարության մեջ նույնպես մտահոգություն է հայտնել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:
«Խորհրդարանական գործունեությանը չմասնակցող կուսակցությունների դեմ նման լայն պատժամիջոցներ գոյություն չունեն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի մասնակից ոչ մի երկրում», – նշվում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունում:
Հանձնաժողովն անընդունելի է համարել նաև քաղաքական կուսակցություններին անվճար եթերաժամանակի իրավունքից զրկելու հեռանկարը.նման նախաձեռնություն պարունակվում է Վրաստանի Ընտրական օրենսգրքի նախագծում: