Սելիգերում ռուսաստանյան իշխանատենչ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ամերիկյան տնտեսությունը «պարազիտ» էր որակել: Այդպիսի որակումները Պուտինից հեռու չեն: Բայց այս դեպքում փաստը, թերևս, ունի քաղաքական ուշագրավ նրբերանգ:
Ըստ ամենայնի, Պուտինը չի կարողանում Ռուսաստանի նախագահի ընտրության հարցում ստանալ ԱՄՆ աջակցությունը ետ վերադառնալու համար, ու այդ իսկ պատճառով էլ չարացել է ԱՄՆ-ի վրա և իր զայրույթը թափել իրեն բնորոշ «պարազիտ» ոճաբանությամբ: Որ Պուտինը լրջորեն սկսել է հավակնել վերադարձի և այնքան լուրջ, որ Մեդվեդևը նույնիսկ սկսել է վախենալ նախագահության երկրորդ ժամկետի մասին հայտարարելուց, կարծես թե ակնհայտ է: Ռուսաստանի ներկայիս նախագահը կարծես թե վախենում է հանկարծ մի բան ասել և հայտնվել անհարմար վիճակում, և անընդհատ ձգձգում է նախագահ առաջադրվելու իր որոշումը: Ավելին՝ Մեդվեդևն օրերս հայտարարել էր նույնիսկ, որ ինքը չի ցանկանա նախագահի ընտրությանը մրցակցել Պուտինի հետ: Այլ կերպ ասած՝ Մեդվեդևը, փաստորեն, ակնարկում է, որ մինչև հաստատ չիմանա, թե ինչ է որոշել Պուտինը, ինքը ոչինչ չի որոշի: Այսինքն՝ Ռուսաստանի ներսում ակնհայտ է, որ Մեդվեդևը Պուտինին պարտվում է, այն էլ՝ խոշոր հաշվով: Բայց այդ պարտությունն ամրագրելու համար Պուտինին անհրաժեշտ է, որ Արևմուտքն իրեն աջակցի կամ առնվազն չաջակցի Մեդվեդևին, ինչը ինքնաբերաբար կնշանակի Պուտինին աջակցել:
Իսկ ինչո՞ւ է Պուտինին անհրաժեշտ Արևմուտքի աջակցությունը: Պուտինին դա անհրաժեշտ է այն պարզ պատճառով, որ նա ներկայումս նավթային ալիքի վրա չէ, ինչպես տարիներ առաջ: Նավթի գինն իհարկե 2008-ի կտրուկ անկումից հետո որոշակիորեն բարձրացել է, բայց նախ սպասումները բավական հոռետեսական են՝ գնի բարձր մնալու կապակցությամբ, և փորձագետները կանխատեսում են անկում առաջիկա երեք տարիների ընթացքում, և դրանից բացի էլ՝ գինը այնքան բարձր չէ, որ Պուտինին հնարավորություն տա իրեն զգալ ինչպես «ձուկը ջրում»: Ներկայումս, եթե առանց Արևմուտքի հետ համաձայնության փորձի իշխանական լուրջ հավակնություններ դրսևորել, Պուտինը թերևս իրեն կզգա ինչպես «ձուկը նավթում»: Իսկ ձուկը նավթում, ինչպես հայտնի է, չի ապրում: Խնդիրն այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Ռուսաստանի տնտեսության անկումն իսկապես սպառնալի չափերի հասավ և լրջագույն ռեցեսիայի ենթարկվեց: Այժմ ինչ-որ աստիճանի վերականգնում իհարկե կա, սակայն դա թերևս բավական է ընդամենը հայաստանցի կամ հետխորհրդային այլ երկրներից ժամանած «գաստարբայթերների» ընտանիքները պահելու և հետխորհրդային մի քանի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի տրանֆերտային բալանսը մի փոքր կարգի բերելու համար: Այլ տնտեսա-քաղաքական գլոբալ հավակնությունների հնարավորություն Ռուսաստանի տնտեսությունն այդ երկրի վերնախավին պարզապես չի տալիս: Ու Պուտինն անկասկած դա լավ է հասկանում, ինչպես նաև պատկերացնում է, թե անհրաժեշտության դեպքում ինչ զգալի հարվածներ կարող են հասցվել Ռուսաստանի տնտեսությանը:
Այդ իրավիճակում այլ ելք, քան գնալ Արևմուտքի հետ գործարքի և նոր միայն Ռուսաստանում հավակնել նախագահի պաշտոնի վերադարձին, Պուտինը թերևս չունի: Իսկ Արևմուտքը կարծես թե չի հրաժարվում Մեդվեդևին աջակցելու գաղափարից, քանի որ Պուտինին չի վստահում: Մեդվեդևն, իհարկե, Արևմուտքի համար իդեալական տարբերակ է Ռուսաստանը կառավարելի պահելու առումով: Ինչ խոսք, ՊԱԿ դպրոցն անցած Պուտինը ոսկոր է հիշեցնում, և նրա հետ աշխատանքը, որքան էլ նա հակված լինի փոխզիջումների, միևնույն է, բարդ ու դժվարին է լինելու: Իսկ ահա Մեդվեդևը դեռևս երեխայի պես ուրախ է իր նախագահ լինելու կապակցությամբ և սիրում է իր աշխատանքը: Իհարկե դեռևս որևէ մեկը այդպես էլ հստակ չի հասկանում, թե որն է այդ աշխատանքը, ինչ է ուզում անել Մեդվեդևը՝ բացի ներքին ու արտաքին ոլորտներում իրավիճակներն ու խնդիրները էլ ավելի խճճելուց, բայց հենց դա էլ պետք է Արևմուտքին:
Մեդվեդևը Ռուսաստանի երաշխավորված մարգինալությունն է, որին Արևմուտքը իր ձեռքից բաց չի թողնի, առավել ևս երբ չի հստակեցրել նրան փոխարինողի հարցը: Բայց, անշուշտ, դա ամենևին չի նշանակում, որ Պուտինն էլ Ռուսաստանի փրկիչն է: Հակառակը, Պուտինն էր, որ Ռուսաստանը անհուսորեն նստեցրեց ասեղի վրա՝ նավթի ասեղի, ինչպես որ, ասենք, Հայաստանում էլ Ռոբերտ Քոչարյանը երկիրը շինարարության ասեղի վրա նստեցրեց կամ տվյալ դեպքում՝ արմատուրայի վրա: Գնալով կարճաժամկետ և հեշտ էֆեկտի հետևից՝ Պուտինը Ռուսաստանը նավթային փողերի շնորհիվ արդիականացնելու հիանալի առիթը բաց թողնելով, այդ փողերն օգտագործեց Ռուսաստանը խորհրդայնացնելու համար: Նրան հաջողվեց ինչ-որ չափով դա անել, նաև հաջողվեց նույնն անել Ռուսաստանի հարևան արբանյակների, այդ թվում և՝ Հայաստանի հետ: Բայց այդ հետադարձ ընթացքը բախվեց առաջ ընթացող ժամանակին, և թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա արբանյակները ներկայումս հայտնվել են ժամանակային լրջագույն ճգնաժամի առաջ, երբ ճգնաժամի պատճառը ոչ թե ինչ-որ անձ է, ինչ-որ երևույթ, ինչ-որ իրադարձություն, որևէ անհատի կամ ուժի սխալ, այլ ժամանակի հետ հակասությունն է ճգնաժամի պատճառը: Պուտինը ժամանակի հետ մտավ հակասության մեջ, ու իր հետևից հակասության մեջ մտցրեց թե՛ Ռուսաստանը, թե՛ նաև նրա հետխորհրդային արբանյակներին, մասնավորապես՝ Հայաստանը: Իսկ քանի որ Մեդվեդևը ոչ թե ժամանակի ծնունդն է, այլ ժամանակի հետ միջավայրի հակասության ծնունդ, անկարող է երկիրը համապատասխանեցնել ժամանակին և դուրս բերել ճգնաժամից, ինչին էլ ականատես ենք լինում: Ի դեպ, նույնը նաև Սերժ Սարգսյանի պարագայում: Նա նախագահ չէր դառնա, եթե թելադրողը ժամանակը լիներ, ոչ թե ժամանակի հետ միջավայրի հակասությունը: Ու քանի որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել ժամանակի հետ հակասության արդյունքում, նա անկարող է լինելու իրավիճակը ներդաշնակել ժամանակին:
Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հարկավոր է բոլորովին նոր լուծում: Ռևանշը կամ ռեստավրացիան այդպիսիք լինել չեն կարող: Դրանք ինքնին լինել էլ չեն կարող, այլ ընդամենը կարող են անիմաստ ձգել ժամանակի հետ հակասությունը՝ դառնալով անձնական հավակնությունների, փառասիրության կամ քենի անհաջող դրսևորում:







































