«Իշխանությունն ասում է, որ արտագաղթն իրականում արտագաղթ չէ, դա ընդամենը ուղևորահոսքի բալանս է, որը սեզոնային բնույթ է կրում և աշնանը «կդզվի»: Չեմ էլ կասկածում, որ ընտրություններից առաջ նրանք թղթի վրա այնպիսի բալանս «կդզեն», որ Հայաստանում ավելի շատ ընտրող «կհայտնվի», քան իրականում բնակչություն կա: Ուղևորահոսքի մասին պնդումները սփոփիչ չեն. բոլոր դեպքերում, նույնիսկ սեզոնային գործոնը հաշվի առնելով, խոսքը մեր երկրից մեկընդմիշտ գնացած հազարավոր մարդկանց մասին է, իսկ մեր վիճակում դա անթույլատրելի «շռայլություն է»: Հետևաբար, արտագաղթը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրների շարքում»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիրը և հավելում.
«Պատճառների մասին բազմիցս գրվել է. կան ծանր վիճակ, կոռուպցիա, անարդարություն, իշխանությունների կամայականություններ, գործունյա, որոշակի օժտվածություն ունեցող մարդու ինքնարտահայտման անհնարինություն և այլն: Բայց ես ուզում եմ խիստ ոչ պոպուլյար հարցադրում անել, պատճառները միայն ա՛յդ կարգի են: Աշխարհում չկա՞ն ավելի աղքատ և ավելի անարդար երկրներ, որտեղից բնակչությունը, այդ հնարավորությունն ունենալով, այնուամենայնիվ, մեր մասշտաբով չի արտագաղթում: Արդյոք Ռուսաստանը, որտեղ այսօր ձգտում է մեր համաքաղաքացիների մեծ մասը, վերը թվարկած չափանիշներով Հայաստանից լա՛վ երկիր է: Ինչո՞ւ էին սովետի ժամանակ հայաստանցիներից շատ-շատերը երազում գնալ Ամերիկա՝ չնայած սովից կամ գործազրկությունից ամենևին չէին տառապում:
Գուցե խնդիրը նաև (ընդգծում եմ՝ նաև) հոգեբանական կողմնորոշման մեջ է: Մեր մշակույթին հատուկ են հստակ և շատ ճիշտ «տաբուներ», երբեք, անկախ հանգամանքներից, թմրադեղ չեմ օգտագործի, ծնողներիս հետ անհարգալից չեմ խոսի, եթե տղամարդ եմ՝ կնոջ վրա ձեռք չեմ բարձրացնի և այլն: Երբեմն այդ արգելքները խախտվում են, բայց ճնշող մեծամասնության համար ի բնե բացառվում է ինքը՝ այդ «տաբուներին» դեմ գնալու միտքը: Կարո՞ղ ենք նույնը ասել արտագաղթի դեպքում: Կա՞ այդպիսի կողմնորոշում, երբեք, ինչ էլ պատահի, ես իմ երկիրը չեմ լքի: Ոմանք առաջարկում են փակել Ռուսաստանի միգրացիոն գրասենյակները, որպեսզի մեր համաքաղաքացիները «կազմակերպված ձևով» չարտագաղթեն, ասենք, Կալինինզրադի մարզ: Ոմանք էլ զարգացնում են այդ առաջարկը և կոչ են անում Շենգենյան երկրներին՝ խստացնել մուտքի արտոնագրի մեխանիզմը: Այդ ամենը մենք արդեն անցել ենք. այսօր վարչական արգելքները միայն նպաստելու են արտագաղթին»:











































