Նորից ներքաղաքական խաղաքարտ է դառնում Արցախի հարցը: Երկրորդ և երրորդ նախագահներն իրենց հրապարակային ելույթները կառուցում են այդ խաղաքարտի վրա, թեև թվում է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը արցախյան իրադարձություններով պայմանավորելը ժամանակավրեպ է:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկման ընթացքում իրենց դիտարկումները ներկայացրին «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ Արտաշես Խալաթյանը, քաղաքագետներ Սուրեն Պետրոսյանը և Արմեն Վարդանյանը:
«Սկսած 95 թվականից՝ Արցախի հիմնահարցը մեր արտաքին քաղաքականության գոյաբանական խնդրից աստիճանաբար վերածվել է հաշիվներ մաքրելու, ներքաղաքական նպատակներ հետապնդող, շահարկվող թեմայի… Եվ այդ թեման դեռևս ունի պահանջարկ հասարակության որոշակի շրջանակների համար, և այդ խայծը գուցե ազդեցություն ունի նրանց վրա, հատկապես հիմա, երբ Արցախի հարցում ցավալի զարգացումներ են եղել»,- նշեց Խալաթյանը:
Սուրեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ Արցախի շուրջ խոսելը ժամանակավրեպ չէ. «Արցախի մասին կարող ենք չխոսել միայն այն ժամանակ, երբ որ կլուծվի Արցախի ինքնորոշման խնդիրը: Կարևոր է իրականությունը ընդունել, որ մենք Արցախ չունենք, բայց չպետք է համակերպվել դրա հետ, համոզված եմ, որ ապագայում մենք ունենալու ենք Արցախը՝ իր պետականությամբ»:
«Մեր կարևոր խնդիրն է դուրս գալ մերժողական իրավիճակից և ձևակերպել «հանունի» գաղափարը: Այս պահին նույնիսկ ֆորմալ առումով չկա «հանունի» գաղափարը, և Արցախի հարցում ոչ մեկի ասածն իրատեսական չէ, ինչը չափազանց վտանգավոր է: Այն, որ այս հարցում չունենք կոնսենսուս, անվտանգության լրջագույն խնդիր է»,- նշեց Պետրոսյանը:
Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ Արցախի հարցը մշտապես շահարկվելու է բոլոր քաղաքական ուժերի կողմից, քանի դեռ այս կոնֆլիկտը լուծված չէ: Քաղաքագետի խոսքով՝ լավ կլինի, որ Ս. Սարգսյանը և Ռ. Քոչարյանը հրապարակեն, թե ինչի շուրջ են բանակցել տարիներ շաունակ, քանի որ այս հարցի շուրջ մշտապես մանիպուլյացիաներ են եղել:
«Եվ գործող իշխանությունն էլ պետք է բացատրի, թե ինչ է բանակցել 2018-ից հետո և հրապարակի նախկին բանակցությունների փաթեթը»,- նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ մարդիկ իրականությունից կտրվել էին և գրեթե բոլորը դարձել էին «ոչ մի թիզ»-ական:
Մանրամասն՝ տեսանյութում:






































