Հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որը փետրվարի 12-ին տեղի ունեցած հանդիպման մասին է: Ըստ հաղորդագրության՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին: «Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Չեխիայից այդ հարցում, կամ Չեխիան ի՞նչ է առաջարկում Հայաստանին՝ այդ հարցում հնարավոր օժանդակության դիմաց: Ընդհանրապես, ի՞նչ ապօրինի դուրս բերված ակտիվների մասին է խոսքը, ո՞ւմ դուրս բերած ակտիվների, և արդյոք դրանք մնացել են Չեխիայո՞ւմ, թե՞ Չեխիան եղել է, այսպես ասած, տարանցիկ գոտի: Համենայնդեպս, ուշադրության է արժանի թերևս այն, որ Չեխիան այդ իմաստով կարծես թե ընդհանրապես վերածվել է հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քրեական և օլիգարխիկ շրջանակների յուրօրինակ «ակտիվային ապաստանի»: Դրա առնչությամբ ծագել են մի շարք սկանդալային պատմություններ, ընդ որում՝ որոնցից մեկի «դերակատար» էր նաև հայազգի հայտնի Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոն մականունով, որն իհարկե հերքում էր Չեխիայում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալվելու մասին տարածված տեղեկությունը:
Հայտնի է նաև, որ հայ-չեխական հարաբերության համատեքստում սպրդել էր նաև օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի պատմությունը, որի վերաբերյալ մամուլում շոշափվել են նաև Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվանումներ: Մասնավորապես, ըստ տարիներ առաջ եղած տեղեկությունների՝ հենց այդ հարցն են դրել Չեխիա այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջ՝ արտահանձնել Չեխիայում 22 տարի ազատազրկման դատապարտված Սողոյանին: Հայաստանը դա մերժել է՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս այլ երկրի արտահանձնել ՀՀ քաղաքացուն:
Ի դեպ, հատկանշական էր նաև 2012 թվականի մի հետաքրքիր պատմություն, երբ Չեխիայից միևնույն օդանավով Երևան էին եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հովիկ Աբրահամյանը հաստատել էր, որ Չեխիայից վերադառնալիս օդանավում պատահաբար հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին: Ի դեպ, այդ շրջանում մամուլը գրում էր նաև, որ Աբրահամյանը ներգրավված է եղել Սերժ Սարգսյանի հանդեպ ներիշխանական դավադրության փորձի շրջանակում:
Միով բանիվ, ՀՔԾ պետի և Չեխիայի դեսպանի հանդիպումն ու դրանում քննարկված թեմայի բավականին ուղիղ արձանագրումը հուշում են, որ հայ-չեխական հարաբերություններում «ակտիվների» հարցը իսկապես ունի շոշափելի ծավալներ: Առարկայորեն ի՞նչ են շոշափել հանդիպման մասնակիցները, քննարկվե՞լ են կոնկրետ քայլեր, թե՞ պարզապես հանդիպումն ունեցել է որոշակի ներքին շրջանակների հասցեագրված կոշտ մեսիջի նշանակություն՝ կերևա ժամանակի ընթացքում:











































