«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

– Տեսակետ կա, որ պատերազմից հետո հայ-իրանական հարաբերությունները զրոյական մակարդակում են գտնվում, և Իրանի ԱԳ նախարար Զարիֆի այցը Հայաստան խոսակցությունների մակարդակում դրական էր, բայց, մեծ հաշվով, կարող ենք համարել ոչ այնքան կենսունակ: Նշվում է նաև, որ հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը Փաշինյանի դիվանագիտական տապալումն է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
– Ընդհանուր առմամբ, ես միշտ ասել եմ, որ մեր դիվանագիտությունը շատ թույլ է, շատ աղքատ է Իրանում, մինչդեռ Իրանում պետք է բանիմաց, Իրանը ճանաչող և դիվանագիտական հմտություններ ունեցող դեսպաններ նշանակվեն: Այս տարիներին միայն մեկ հոգի է այդպիսին եղել: Իսկ թե ինչքանով է դա կարևոր, ես ասեմ, որ, օրինակ, համաշխարհային պատմության մեջ գրված է, որ 1941 թվականին, երբ Խորհրդային բանակը Իրանի հյուսիսից դուրս բերվեց, դա վերագրվում է Իրանի այդ ժամանակվա վարչապետի դիվանագիտական հմտություններին: Իհարկե, կար նաև Արևմուտքի աջակցությունը: Այսինքն՝ տեսեք, թե որքան կարևոր են դիվանագիտական հմտությունները, իսկ մեզ մոտ երբևէ դրան ուշադրություն չի դարձվել: Սա ևս նպաստել է, որ իրավիճակը սրան հասնի, որ նույնիսկ եթե լինում են այցելություններ, համարենք, որ պարզապես հաճոյախոսություններ են մեկը մյուսի հասցեին: Մյուս կողմից հաշվի առնելով, որ Իրանի համար միջանցքը, որ պետք է կառուցվի, շատ կարևոր է, գուցե դրա հետ կապված բանակցություններ են ընթացել, որ դա չլինի, այդ թվում նաև Հայաստանի և Ռուսաստանի աջակցությամբ: Իսկ ընդհանուր առմամբ, այո, ամենաքիչ ձեռքբերումները Իրանն ունի հենց Հայաստանի հետ: Վրաստան այցի ժամանակ կարևորվել է Սև ծով-Պարսից ծոց միջանցքի կառուցումը: Զարիֆը այնտեղ լուծել է իրանցի ներդրողների, նաև իրանցի բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրները: Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանը կարողացել է հասնել նրան, որ մասնակցություն ունենա հայերից գրաված տարածքների վերանորոգման աշխատանքներին: Զարիֆի տարածաշրջանային այցի համատեքստում, եթե մյուս երկրներում հստակ ծրագրեր կային, թե ինչ պետք է անեն, Հայաստանի դեպքում որևէ բան չկար: Գլխավոր նպատակը համարել են տարածաշրջանում Ղարաբաղի հարցի լուծման աջակցությունը: Գուցե Հայաստանի հետ ինչ-որ հարցերով բանակցություններ եղել են, բայց ձեռքբերումներ չեն եղել, Հայաստանի հետ ծրագիր չի եղել: Անգամ Վրաստանի նախագահին հրավիրել են Իրան, իսկ Հայաստանի դեպքում ոչինչ չի եղել:
– Շատ վերլուծաբաններ նշում են, որ Իրանի հարցում Փաշինյանի դիվանագիտական ձախողումն այն էր, որ նա Իրան այցի ժամանակ «Արարատ» մշակույթի կենտրոնում պարզեց «Արցախը Հայաստան է» ցուցապաստառը:
– Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, դա ընդամենը դրվագ էր, Իրանն էլ շատ հանգիստ դրան վերաբերվեց: Պարզապես մարդիկ դա մանիպուլացնում են: Այդ դրվագը բացարձակապես որևէ նշանակություն չէր կարող ունենալ: Այլ խնդիր, որ կարելի է ասել, որ, քանի որ երևում էր, որ Փաշինյանը հակված է դեպի Արևմուտք, Բոլթոնին ընդունեց Հայաստանում, որն ամերիկյան գործիչներից ամենահակաիրանական դիրքորոշումն ունեցողներից մեկն էր, նման բաների հետևանք է այսօրվա հարաբերությունների մակարդակը:
– Իրանը վերջին պատերազմի ժամանակ որևէ քայլ չարեց, որով կաջակցեր Հայաստանին: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Նախ ասեմ, որ ի սկզբանե Իրանը որդեգրեց ադրբեջանամետ դիրքորոշում պատերազմի ընթացքում: Կարծում եմ՝ իրենք մոտիկից հետևելով զարգացումներին, ենթադրում էին, թե ինչ ավարտ այն կարող է ունենալ, ելնելով իրենց այլ շահերից, գնացին առավել ընդգծված ադրբեջանամետ կուրսին:
– Հաշվի առնելով, որ Զարիֆը Ադրբեջանում շնորհավորեց տարածքների վերադարձի առթիվ, իսկ Հայաստանում փորձեց մի փոքր մեղմել իրավիճակը, այդուհանդերձ, հայ-իրանական հարաբերություններում բեկում հնարավո՞ր է:
– Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջան գնացել է հստակ ծրագրերով, հստակ նպատակներով, իսկ Հայաստանում ոչ մի ծրագիր չուներ: Հայաստանին ասվեց, որ մենք շատ մտերիմ, շատ բարեկամական, օրինակելի մի երկիր ենք, պարզապես դիվանագիտական հաճոյախոսություն, ուրիշ որևէ առաջարկ չկար ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց: Գուցե գաղտնի բանակցություններում քննարկվել է և՛ միջանցքի հարցը, և՛ Ղարաբաղի հարցը, բայց հրապարակային ոչինչ չկա: Կարող ենք նաև արձանագրել, որ Հայաստանն այսօր չունի այն նշանակությունը, որ ուներ մինչև պատերազմը, եթե հատկապես կառուցվի Մեղրիի ճանապարհը: Եթե հնարավոր լինի հասնել նրան, որ այդ ճանապարհը, կամ ինչպես իրենք են ասում՝ միջանցքը, չկառուցվի, այդ դեպքում, այո՛, Հայաստանը կունենա իրենց համար շատ մեծ նշանակություն: Ինձ թվում է, որ եթե մի բան անում են, որը չի երևում, այդ ուղղությամբ կլինի՝ ի նպաստ Հայաստանի, որովհետև շահերը համընկնում են:











































