Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ: Ջալալ Հարությունյանը Արցախի պաշտպանության նախարարն էր 44-օրյա պատերազմի օրերին, հետո, սակայն, թողեց այդ պաշտոնը ծանր վիրավորվելու պատճառով: Ջալալ Հարությունյանի մեքենան թիրախավորվել էր թշնամու հարվածից, ինչի առիթով հարուցված է քրգործ՝ մահափորձի հատկանիշով: Ի դեպ, ոչ պաշտոնական մակարդակներում կան որոշակի կասկածներ Ջալալ Հարությունյանի մեքենայի թիրախավորման, հենց հայկական տարածքից որոշակի ուղղորդման կապակցությամբ, թեև այդ առնչությամբ բանը չի անցել խոսակցական մակարդակի կասկածներից այն կողմ: Հարկ է նշել, որ պարտությունից հետո այդպիսի կասկածամիտ խոսակցություններ կան ամենատարբեր դրվագների առնչությամբ:
Ինչևէ, ծանր վիրավորվելուց հետո ապաքինվելով՝ գեներալ Հարությունյանը, որը հայկական զինուժի պատվարժան հրամանատարներից մեկն է, նշանակվում է կարևորագույն պաշտոնի: Բանն այն է, որ ռազմական վերահսկողության ծառայության աշխատանքից են մեծապես կախված լինելու ավերիչ պատերազմից հետո հայկական զինուժի վերականգնման գործընթացի որակն ու էֆեկտիվությունը: Եվ այդ առումով Ջալալ Հարությունյանը թերևս նաև այն գործիչն է, որը լինելով պատերազմի հրամանատար, որը ղեկավարելով Արցախի զինուժի գործողությունները ծանր պատերազմի շրջանում՝ թերևս անմիջականորեն, այսպես ասած՝ անմիջապես իր հրամանատարական «մաշկի» վրա է զգացել այն խնդիրները, թերություններն ու բացթողումները, որոնք եղել են հայկական զինուժում: Ի վերջո, պատերազմն այդ իմաստով նաև «ռենտգեն» է ցանկացած բանակի համար, որը ցույց է տալիս կարևորագույն բացեր, որոնք մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կարող են ծածկված լինել խաղաղ պայմաններում:
Այդ իսկ պատճառով Ջալալ Հարությունյանի նշանակումը ռազմական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին մի կողմից՝ անշուշտ հարգանքի հավաստիք է անձնուրաց հրամանատարին, մյուս կողմից՝ կարևորագույն քայլ կարող է լինել զինուժի վերականգնման և ընդհանրապես հայկական պաշտպանական համակարգի վերակառուցման և արդիականացման համատեքստում: Առավել ևս, որ ծանր պատերազմից հետո զինուժի վերականգնման և արդիականացման խնդիրը անկասկած դարձել է նաև անձնական պատվի և արժանապատվության հարց անհավասար պատերազմն անցած մեր բարձրագույն հրամանատարների համար:








































