Միացյալ Նահանգների վարչակազմը չինական ինը ընկերություններ, այդ թվում՝ սմարթֆոններ արտադրող Xiaomi-ն և Comac ավիակորպորացիան, ներառել է ամերիկացի ներդրողների համար արգելված ցուցակում՝ զինվորականների հետ կապերի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ համապատասխան փաստաթղթերին հղումով:
Ամերիկացի ներդրողները պետք է մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ը իրենց ակտիվները հանեն ցուցակում ընդգրկված չինական ընկերություններից, գրում է գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի 2021 թվականի հունվարի 11-ից ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին արգելում է չինական բանակի հետ կապված ֆիրմաների արժեթղթեր գնել: Ըստ Թրամփի, նման ընկերությունները միջոցներ են հավաքում, այդ թվում՝ ամերիկացի ներդրողներից, և հավակնում են իրենց բաժնետոմսերը ֆոնդային ինդեքսներում ներառմանը, որից հետո միջոցները գնում են ՉԺՀ ռազմարդյունաբերական համալիր:










































