Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրականորեն է վերաբերվում այն հանգամանքին, որ հակամարտող երկրի հետ ուղիղ բանակցությունների միջոցով է Հայաստանը փորձում լուծել իր հարցերը:

«Բնականաբար, եթե ԱԱԾ տնօրենի մակարդակով հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ ավելի կարևոր է քննարկվող հարցերի օրակարգը: Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ: Այդ առումով ես համարում եմ, որ որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանը պետք է վարի ինքնաբավ գործունեություն, այդ թվում նաև՝ բանակցությունների ձևաչափով, այդ թվում նաև՝ իր հետ հարաբերություններ չունեցող Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք որևէ ձևաչափով Ադրբեջանի հետ, ընդհանրապես ցանկացած այլ երկրի հետ, արժանապատիվ, ՀՀ շահերից բխող և պետական մտածողությամբ առաջնորդվող բանակցություններ վարել»,- ասաց փաստաբանը:
Պետք է ընդունել, որ Ադրբեջանի հետ, այո՛, այս պահին կան ոչ բարեկամական, թշնամական հարաբերություններ, և այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները, փաստաբանի խոսքով, ընթանում են շատ ծանր իրողությունների միջոցով:
«Ավելին ասեմ, մենք դեռևս ունենք Արցախի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ չլուծված, չհանգուցալուծված կետ, հետևաբար միայն այն առումով, որ Հայաստանը ինքը պետք է պատրաստ լինի իր խնդիրը սեփական ռեսուրսներով լուծելու, կարևորում եմ և ընդգծում, որ Հայաստանի կողմից իր խնդիրները լուծելուն ուղղված քայլը պետք է շարունակական լինի, որովհետև միայն Հայաստանը կարող է ներկայացնել և սպասարկել իր շահերը, Հայաստանից բացի՝ ոչ ոք ավելի լավ չի կարող ներկայացնել Հայաստանի շահերը»,- հավելեց Նորիկյանը:









































