Երեկ՝ օգոստոսի 2-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է սփյուռքահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի սպանության գործով անցնող երրորդ մեղադրյալի՝ Գևորգ Բադալյանի դատաքննությունը:
Նախկինում գողության համար դատապարտված 29-ամյա Գևորգ Բադալյանին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները փետրվարի 9-ին հայտնաբերել էին Հարավարևմտյան թաղամասում և ձերբակալել: Ի դեպ, Գևորգ Բադալյանի նկատմամբ 2009-ի մայիսից էր հետախուզում հայտարարվել: Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ՝ Պետրոս Թեմիրյանի մտերիմ Նազարեթ-Հագոփ Բերբերյանին սպանելու և նրա՝ առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Կարեն Դալլաքյանի և Պետրոս Թեմիրյանի հետ: Վերջինս ձեռք է բերել մետաղյա մալուխ, որի վերջնամասերին ամրացրել է մետաղյա մանեկներ՝ այն հարմարեցնելով մարդուն խեղդամահ անելուն: Պետրոս Թեմիրյանը, նախապես մշակելով սպանության մեխանիզմը և կատարելով հստակ դերաբաշխում, գնացել է Նազարեթ Բերբերյանին պատկանող՝ Երևան քաղաքի Ամիրյան փող. 5-րդ շենքի 3-րդ բնակարան, որտեղ վերջինիս հետ ոգելից խմիչք են օգտագործել և ժամանակ անցկացրել: Պայմանավորվածության համաձայն՝ Պ.Թեմիրյանը չի կողպել բնակարանի մուտքի դուռը, իսկ Գևորգն ու Կարեն Դալլաքյանը ապօրինի մուտք են գործել բնակարան, որի նախասրահում հարձակվել են Ն.Բերբերյանի վրա և մալուխը գցելով նրա պարանոցին՝ խեղդել: Այլ կերպ ասած՝ նա մեղադրվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով, պատվերով կատարված սպանության համար, որը զուգորդվել է շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով (ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով), ինչպես նաև ավազակության մեջ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով և առողջությանը ծանր վնաս պատճառելով (175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետեր): Գևորգ Բադալյանի հանցակից երկու ընկերներին՝ Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին 2010թ. ապրիլի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նույն դատավորը դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 1951թ. ծնված ԱՄՆ քաղաքացի, «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը դուրս էր եկել Ամիրյան փողոցի իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, իսկ մի քանի օր անց քրգործը տեղափոխվել էր Երևան քաղաքի քննչական վարչություն: Օպերատիվ խումբը Բերբերյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դրանից մոտ 20 օր անց Երևան-Սևան մայրուղու 25,5 կմ հատվածում՝ ճամփեզրի ձորակում (Չայնիի ոլորանում), իրավապահները հայտնաբերել էին Ն.Բերբերյանի դին՝ բռնության հետքերով: Դիակի տեղը իրավապահներին ցույց էր տվել հենց Բերբերյանի ընկերը՝ Պ.Թեմիրյանը: Զոհին սպանել էին խեղդելու և «Կետամին» ներարկելու միջոցով: Հետո Պետրոս Թեմիրյանն ու Կարեն Դալլաքյանը հենց Բերբերյանի ջիպով էլ դիակը տեղափոխել էին Երևան-Սևան ճամփեզրի ձորակ, սպանվածի դին թաղել այնտեղ, հողով ու քարերով ծածկել, իսկ ավտոմեքենան Գևորգ Բադալյանը տարել էր օդանավակայան: Նրանք այդ քայլով փորձել էին իմիտացիա ստեղծել՝ իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին վիճակում, ոչինչ չէին տարել, նույնիսկ անվտանգության ձայնաազդանշանային համակարգն էր գործի դրված եղել:
Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքներից ավազակության համար քրեական օրենսգիրքը նախատեսում է սանկցիա. «… երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից (կատարվելու դեպքում)՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Իսկ սպանության համար նախատեսվում է ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում: Պարզապես հայտնի չէ, թե քրեական օրենսգրքի փոփոխություններից՝ հանցանքի կրկնակիության ապաքրեականացումից հետո, պատժաչափերի որ մասերը կգումարվեն և վերջնական ինչ պատժաչափ կնշանակի դատարանը:
Հիշեցնենք, որ հանգուցյալը Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող հյուրանոցի սեփականատերն էր: Մասնագետները կառուցվող հյուրանոցի արժեքը գնահատում էին 20 մլն դոլար: Ժամանակին մամուլում նաև տեղեկություններ հայտնվեցին, որ Ն.Բերբերյանը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ: Տարածքը, որի վրա կառուցվում է հյուրանոցը, միայն մասամբ էր նրանը: Ամերիկահայ գործարարի ընկերությունն այդ տարածքի միայն 50 տոկոսի մասով էր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել: Մի հարց, այնուամենայնիվ, մնում է՝ վերոնշյալ երեք համախոհների թիկունքում այլ մարդ եղե՞լ է:







































