«Ամբողջ Հարավարևմտյան թաղամասում աղբի հոտը կանգնած է: 2-3 օրը մեկ են գալիս աղբ տանելու, իսկ հենց աղբ են տանում… վերջ. պատուհանը բացել չենք կարողանում, շոգից մեռնում ենք, երեխաներն էլ բակում խաղալ չեն կարողանում էդ հոտին»,- հասարակական տրանսպորոտւմ նման խոսակցության ակամա վկան դարձավ «Առաջին լրատվականի» թղթակիցը:
Փոքր հարցման արդյունքում պարզեցինք, որ աղբահանության խնդիրներից բոլորովին բողոք չունեն Ավան համայնքի բնակիչները, վիճակը որոշ առումով բավարար է քաղաքի կենտրոնում, իսկ Աջափնյակում, որտեղ շենքերը չունեն աղբամուղներ և աղբը կուտակում են աղբարակղներում, բնակիչները բողոքում են ոչ թե նրանից, որ աղբը ուշ-ուշ են հեռացնում, այլ որ չափազանց մեծ է աղմուկն այդ գործընթացի ժամանակ:
Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբեմն աղբի տեղափոխման ուշացման պատճառն այն է, որ չեն հասցնում արագ տեղափոխել, իսկ սանիտարական մաքրում պարզապես չեն անում:
Վ.Խաչատրյանն օրինակ բերեց Նյու Յորքը, որտեղ մի ժամանակ մեծ խնդիր էին դարձել առնետները, որոնք բարձրանում էին 100-րդ և ավելի բարձր հարկեր, և քաղաքի իշխանությունները վերացրին աղբամուղները, տեղադրեցին աղբարկղեր, բնակիչներին բաժանեցին պոլիէթիլենային տոպրակներ:
«Աղբահանությունը պետք է լուրջ հանրային քննարկման խնդիր դարձնել»,- շեշտեց Վ.Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ պաշտոնական աղբյուների՝ մայրաքաղաքում ապրում է 1 մլն 113 հազար մարդ, ինչը ՀՀ բնակչության ավելի քան 34.0%-ն է: Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում են 12 մասնագիտացված ընկերություններ՝ 370 միավոր հատուկ նշանակության մեքենասարքավորումների միջոցով, որոնք ներկա դրությամբ մաշված են գրեթե 80-85%-ով։
Քաղաքապետարանի համաձայն՝ աղբահանությունը կատարվում է 4720 բազմաբնակարան շենքերից և 53,000 մասնավոր տնատիրություններից։ Մայրաքաղաքի բազմահարկ բազմաբնակարան շենքերում առկա է 3901 հատ աղբամուղ: 2010 թ. Երևանի սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 3,200.0 մլն դրամ, 2011 թ. այս աշխատանքների համար նախատեսված է 3,262.0 մլն դրամ։
Ի դեպ, կա նաև Երևանի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների խորհրդատու՝ բրիտանական Integrated Skills Limited ընկերությունը:
Այն, որ քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համակարգը մի շարք բացթողումներով և առկա խնդիրներով չի համապատասխանում ժամանակակից եվրոպական երկրներում գոյություն ունեցող չափանիշներին՝ ընդունում են նաև քաղաքապետարանի պաշտոնյաները: ՀՀ կառավարությունն էլ լավագույն ձգտումներով դիմել է Համաշխարհային բանկին՝ Երևանի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներին պետական և մասնավոր արտասահմանյան օպերատորներ ներգրավելու օժանդակություն ցուցաբերելու համար։







































