Վենեսուելայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատների մեծ մասը ստացել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սատարող թեկնածուները:
Այս մասին երկուշաբթի, քվեարկության հաջորդ օրը, հայտարարել է ընտրական հանձնաժողովը: Հիմնական խոշոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները՝ անվանելով դրանք խարդախություն:
Ազգային ժողովը վերջին պետական ինստիտուտն էր, որը իշխող սոցիալիստների վերահսկողության տակ չէր: Հիմա այն կրկին անցնում է Մադուրոյի դաշնակիցների ձեռքը՝ չնայած տնտեսության փլուզմանը, նավթի արտահանումը խոչընդոտող ԱՄՆ պատժամիջոցներին և երկրից շուրջ հինգ միլիոն քաղաքացիների արտագաղթին: 2018թ.-ի գնահատականներով, Վենեսուելայի բնակչությունը կազմում էր ավելի քան 28 միլիոն մարդ:








































