ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սենատորներ Քրիս Մերֆիի և Ռենդ Փոլի հետ միասին չորս նախաձեռնություն են ներկայացրել, որոնք արգելում են F-35 կործանիչների, ինչպես նաև 18 MQ-9B հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքը ԱՄԷ-ին: Այս մասին հայտնում է Մենենդեսի մամուլի ծառայությունը:
Սենատորները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին` արտասահմանյան գործընկերոջը զենք վաճառելու հնարավորության մասին «կոնգրեսում ավանդական քննարկումից» հրաժարվելու համար։
Նրանք նաև հայտարարել են, որ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հրաժարվում են պատասխանել հարցումներին, թե ինչպես է կառավարությունը լուծելու հնարավոր մատակարարումների հետ կապված ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի հարցը:
ԱՄԷ-ի կողմից ստացված զենքը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև խախտել Իսրայելի հետ պայմանավորվածությունները, շեշտել են օրենսդիրները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ոչ պաշտոնապես տեղեկացրել էր Կոնգրեսին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) F-35 ինքնաթիռներ վաճառելու մտադրության մասին:











































