Թուրքիան մտադիր է ուժեղացնել ճնշումը ամերիկյան նոր վարչակազմի վրա՝ հասնելով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի արտահանձնմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, որի խոսքերը փոխանցում է Kanal 7 հեռուստաալիքը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները՝ ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ը և NBC-ն, հայտարարել են ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Պաշտոնական արդյունքները դեռ չէին ամփոփվել:
«Թուրքիայի տեսանկյունից ոչինչ չի փոխվում: Կապի ալիքները նորից կսկսեն աշխատել նույն կերպ: Մեզ մոտ եղել է հեղաշրջման փորձ: Նա, ով դա կազմակերպել է, գտնվում է ԱՄՆ-ում: Չկա ոչինչ ավելի բնական, քան նրան արտահանձնելու հարցը… Մենք կուժեղացնենք մեր ճնշումը այդ հարցով»,- հայտարարել է Օքթայը:
Թուրքիան կարծում է, որ Գյուլենը 2016-ի հուլիսին փորձել է հեղաշրջում կազմակերպել: Բացի դրանից, թուրքական հանրապետության սահմաններից դուրս գործում է Գյուլենի հետևորդների միջազգային շարժում, որը Թուրքիայում հայտնի է որպես FETO (Fethullah Terror Group) և ճանաչվել է ահաբեկչական:








































