Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի քաղաքացու, որը փորձել է հարձակվել Ջիդդայում Ֆրանսիայի հյուպատոսության պահակախմբի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Մեքքայի նահանգային ոստիկանության հայտարարությանը հղումով:
Հարձակվողը սուր առարկա է օգտագործել: Արդյունքում, պահակախմբի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել:
Հոկտեմբերի 29-ին, Ֆրանսիայի Նիցցայի Նոտր Դամ եկեղեցու մոտակայքում դանակով զինված տղամարդը իսլամական կրոնական կարգախոսներ գոռալով հարձակվել էր մարդկանց վրա: Ոստիկանությունը բերման է ենթարկել նրան:
Հարձակման զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում՝ քրիստոնյա քահանա: Զոհերից մեկը գլխատված է: Վիրավորների թիվը չի նշվում: Գործով զբաղվում է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական կոմիտեն:
Ավելի ուշ Ֆրանսիայի մեկ այլ քաղաքում՝ Ավինյոնում, դանակով զինված տղամարդը փորձել է հարձակվել ոստիկանների վրա: Հարձակվողը գոռացել է «Ալլահ աքբար» ու սպառնացել ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանները նրան գնդակահարել են: