Տրինիդադցի գրող Վիդիադհար Սուրայռրասադ Նայիպալուն, որը 2001թ. ստացել է գրականության Նոբելյան մրցանակը, հավանաբար չի մասնակցի Ստամբուլում կայանալիք եվրոպացի գրողների խորհրդարանի աշխատանքներին` իսլամի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի համար: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman թերթը:
Նրա մասնակցության նպատակահարմարության հարցը բարձրացրել է գրող Հիմի Յավուզը, որը Turkish daily թերթում հարց է ուղղել իր գործընկերներին, թե կարո՞ղ են նրանք գտնվել մի մարդու կողքին, որը վիրավորում է մուսուլմաններին: Միաժամանակ գրողներ Ջիհան Ակտաշը եւ Բեշիր Այվազօղլուն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ միջոցառմանը: Լուրերի համաձայն` այն գործակալությունը, որը կազմակերպում է այս միջոցառումը, արդեն «քաղաքավարիորեն» խնդրել է Նայիպալուին ներկա չգտնվել միջոցառմանը:
Կազմակերպիչները նույնիսկ մտածում էին ընդհանրապես չեղյալ հայտարարել միջոցառումը, սակայն վերջին պահին հանել են Նայիպալուին հյուրերի ցուցակից: Գործակալության ներկայացուցիչները զանգել են Նայիպալուին եւ բացատրել նրան իրավիճակը Թուրքիայում եւ այն հետեւանքները, որոնք կլինեն իր մասնակցության դեպքում: Նայիպալուն, որը հայտարարել է, որ չի մասնակցի միջոցառմանը, դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ: Նույնը չեն արել նաեւ կազմակերպիչները:
Իսկ աղմուկը սկսել է այն բանից հետո, երբ Յաշար Քեմալն իր սյունակում բարձրացրել է այս հարցը: Մասնակիցների մի մասը համաձայնել է նրա հետ, մյուսը հայտարարել է, որ պետք է հարգել խոսքի ազատությունը: Նրանք պատրաստակամություն են հայտնել մասնակցել այն նիստին, որին ելույթ է ունենալու Նայիպալուն:










































