Պատերազմի 11-րդ օրն է, և արտաքին դերակատարների դասավորությունում գրեթե էական ոչնչն չի փոխվել, աճում է հայտարարությունների թիվը, մեծանում է ճնշումը, նվազում է Թուրքիայի դերը տեղեկատվական դաշտում: Ադրբեջանական քարոզչամեքենան կոմպետենտ չէ: Հայկական կողմը հաղթանակ է տարել տեղեկատվական ճակատում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Գրեթե ամբողջ աշխարհն արդեն հասկացել է, թե ինչ է տեղի ունենում Արցախում, բայց դա առանձնապես ազդեցություն չի ունեցել հակամարտության ընթացքի վրա: Թուրքիան իր հռետորաբանությունը չի փոխել»,- նշեց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ կա եռանկյունի՝ Ադրբեջան – Թուրքիա-Ռուսաստան, և այնտեղ հաստատ ինչ-որ բան է տեղի ունենում, բայց տեսանելի չէ:
«Ամենակարևորը, որ տեղի ունեցավ այս 11 օրերի ընթացքում, այն է, որ ադրբեջանցիները ձախողեցին բլից-կրիգը, պարտվեցին, սա փաստ է: Բլից-կրիգի նվազագույն և առավելագույն ծրագրեր ունեին. առավելագույն ծրագրի համաձայն, որն ամեն դեպքում անհնար է իրագործել, նախատեսված էր Ղարաբաղը գրավել երկու-երեք օրում և հասնել Հայաստան, տեղահան անել ամբողջ բնակչությանը, իսկ նվազագույն ծրագրի համաձայն՝ մի քանի շրջան պետք է գրավեին, շրջաններ, որոնք կարևոր դեր կխաղային հետագա պատերազմական գործողությունների համար: Այսօրվա դրությամբ՝ նրանց դա չի հաջողվել, և միայն հենց սա է ազդեցություն թողնում հակամարտության ընթացքի վրա»,- նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան միշտ է մասնակցություն ունեցել, բայց այսպես ուղղակիրեն և այսքան բացահայտ երբեք մասնակցություն չի ունեցել. «Բայց, իհարկե, կռվում է ադրբեջանական բանակը՝ Թուրքիայի մեծ աջակցությամբ: Իսկ ահաբեկիչների ներգրավվածությունը Թուրքիայի նախաձեռնությամբ է: Վարձկանները վճարվում և օգտագործվում են Թուրքիայի կողմից… Թուրքիան ուզում է կարևոր դերակատար դառնալ Հարավային Կովկասում և մասնակից լինել որոշումների կայացմանը»:
Իսկանդարյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանին պետք է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը: «Ռուսաստանը ընտրություն չի կատարում, քանի դեռ ունի հնարավորություն: Սա ռիսկային է, բայց Ռուսաստանը դեռևս ընտրություն չի կատարում՝ փորձելով կարևոր խաղացող մնալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. սա Ռուսաստանի ավանդական քաղաքականությունն է»,- նշեց քաղաքագետը:
Նա նաև ընդգծեց, որ ամեն ինչ որոշվում է շփման գծում, պատերազմի դաշտում. «Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած ուղղությամբ, պետք է ուժեղ և զգոն լինենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































