Խաղաղապահներին արցախյան հակամարտության գոտի մտցնելու հարցը և այնտեղ նրանց ներկայության ձևաչափը պետք է քննարկվեն Մինսկի խմբի շրջանակներում, և, հնարավոր է, ընդհանուր առմամբ ` ԵԱՀԿ շրջանակներում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը` նշելով, որ նման գործողությունները պահանջում են հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է դիտարկել ռուս խաղաղապահներին Արցախ բերելու հարցը:
«Խաղաղապահ ուժերն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ հակամարտող բոլոր կողմերը հետաքրքրված են դրանում: Սա կարևոր է մեզ համար. բոլոր կողմերը պետք է հստակ կամք արտահայտեն», – ասել է Կոսաչովը ՌԻԱ Նովոստիին՝ կիրակի օրը:
Երկրորդը, նշեց նա, խաղաղապահները պետք է ունենան առավելագույն բազմակողմ ձևաչափ և ոչ թե ներկայացնեն միայն մեկ երկիր:
«Ուստի անհրաժեշտ է քննարկել այդպիսի մանդատը Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև հենց ԵԱՀԿ-ում», – եզրափակել է Կոսաչովը:









































