Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը՝ 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։
Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել այս որոշումը հանգամանորեն ներկայացնել զանգվածային լրատվական միջոցներին։
«Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից, ասել է Տիգրան Սարգսյանը: «Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետություն կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու»,- շարունակել է նա:









































