Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի բնակիչները դեմ չեն նոր կառուցվող համայնք տեղափոխվելուն։ Ջրաձորի համայնքապետի խոսքով՝ 78 ընտանիքից միայն 3-ն է ցանկություն հայտնել բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) վերցնել։ Մնացած ընտանիքները շատ ուրախ են, որ ապրելու են նոր կառուցվող համայնքում, նոր բնակարաններում։
Նշենք, որ կառավարության վերջին նիստում քննարկման ներկայացվեց Շիրակի մարզում Ախուրյանի գետահովտում դեռևս 1985 թվականից նախատեսված Կապսի ջրամբարի շինարարության ծրագիրը, որի նպատակը 30 հազար հա հողերի ոռոգման ապահովումն է։ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը մանրամասնեց՝ երկրաշարժը և դեպքերի հետագա զարգացումը հանգեցրել են շինարարության կասեցմանը։ Տարիներ շարունակ Ջրաձոր համայնքում և հարակից համայնքներում ոչ մի շինարարություն չի իրականացվել, քանի որ ակնկալվել է, որ, այնուամենայնիվ, ջրամբարը պետք է կառուցվի։ Այս ծրագրի իրականացման նպատակով 2014 թվականին Հայաստանի Հանրապետության և «Վերականգնման վարկերի» գերմանական բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր ընդհանուր 60 միլիոն եվրո արժողությամբ, այդ թվում՝ 50 միլիոնը վարկային միջոցներ։ Ծրագիրը թիրախային է ջրային ռեսուրսների կայուն կառավարման և բնապահպանական տեսանկյունից, միտված է բնապահպանական իրավիճակի բարելավմանը և գյուղական համայնքների, գյուղատնտեսության զարգացմանը։
«Ջրամբարի կառուցումը ունի նաև անվտանգային կարևոր կոմպոնենտ, քանի որ ջրամբարի այս վիճակում, կիսատ վիճակում գոյությունը արդեն իսկ վտանգավորության աստիճան ունի։ Թունելը երկար տարիներ չի շահագործվել, չի վերանորոգվել և սպասարկվել, շահագործման արդյունքում առաջացել են ռիսկեր։ Մենք պետք է կարողանանք արագ գործընթացը շարունակել»,- ասաց Տերտերյանը։
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ Ջրամբարի կառուցման առաջին փուլում Ջրաձոր համայնքի մի քանի շինություններ պետք է ջրածածկվեն, և շինարարությանը զուգահեռ պետք է կատարվի բնակիչների վերաբնակեցում նոր տեղում՝ ջրամբարի հարևանությամբ։
Ջրաձորի համայնքապետ Գևորիկ Հովակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նոր համայնքի նախնական տեղը ընտրված է, նախատեսվում է ստեղծել նոր գյուղ, տարածքի ամենալավ հատվածն է ընտրվել։
Ընտրությունն էլ կատարվել է ոչ միայն ավագանիների կողմից։ 2019-ին կայացած ավագանու նիստին ներկա են եղել համայնքի բնակիչները, և համատեղ որոշում է կայացվել:
«Մենք 40 հեկտար հողի հատկացում ենք կատարել։ Տեղը շատ հարմար է։ Մեր տերիտորիայի ամենալավ հատվածն է, ճանապարհին մոտ է, գյուղ կառուցելու համար շատ հարմար է։ Որոշում կայացնելիս ամբողջ համայնքը ներկա է եղել, բոլոր տներից ներկայացուցիչ է եղել։ Հողի հատկացումը կոլեկտիվ որոշման արդյունք է եղել։ Ոչ մի դժգոհություն չկա գյուղի տեղափոխման հետ կապված։ Քանի տարի է՝ մեզ չէին թողնում տները նորոգել։ Տեղափոխման հարցը օդում կախված էր, ու հիմա բոլորն էլ ուրախացել են, որ ի վերջո որոշում է կայացվել։ Մեր տները 50-60-ականների տներ են։ Ժայռի բերանին սարքած, երկրաշարժ տեսած տունն ինչ պետք ա լինի»,- ասաց Հովակյանը՝ հավելելով, որ համայնքի բնակիչներն էլ են շատ ոգևորվել, որ կառավարության որոշումը վերջապես եղել է։
Գյուղապետն ասաց, որ արդեն 50-ից ավելի զանգ է ստացել ոգևորված բնակիչներից։
Կառավարության նիստի ժամանակ պարզ դարձավ, որ վերաբնակեցումը՝ նոր գյուղի կառուցումն ամբողջությամբ պետք է կատարվի պետական ռեսուրսներով։ Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով։ Այն պետք է լինի նոր տիպի բնակավայր, որը կունենա զբոսաշրջային գրավչություն։ Հովակյանն ասաց, որ երկու մտահոգություն ունեն միայն՝ մեկը գյուղի մատուռն է, որ ջրի տակ չմնա, և գերեզմանները, որոնք ռիսկային հատվածում են: «Խոստացել են, որ Ժամը ջրի տակ չի մնա, մեկ էլ գերեզմանները։ Բայց սաղ պարսպապատված է, նորից կնորոգեն, որպեսզի ոչ Ժամին, ոչ էլ թեժ կետում գտնվող գերեզմանները չմնան ջրի տակ»,- ասաց համայնքապետը:
Նոր գյուղի կառուցումը թերևս կսկսվի 2021 թվականից։ Նախ մրցույթ կհայտարարվի, գյուղը կառուցող ընկերություն կընտրվի, ու նոր կսկսվի շինարարությունը։ Պետք է կառուցվի 78 տուն, քանի որ համայնքապետի խոսքով՝ ԲԳՎ վերցրած երեք ընտանիքներն էլ գուցե փոշմանեն և միանան մնացած գյուղացիներին, քանի որ ԲԳՎ-ով հատկացված գումարը չի բավականացնում այլ համայնքում նոր բնակարան գնելու համար։









































