ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով, Մոսկվան անհանգստությամբ էր հետևում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող հուլիսյան իրադարձություններին:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ: Նախարարն այդ մասին ասել է Բաքվում, իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան բախումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գիտենք և անհանգստությամբ էինք հետևում իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին «…»: Գիտենք նաև մեր ռազմաբազա կատարված թռիչքների հետ կապված մտահոգությունների մասին: Ուզում եմ միանգամից ասել, որ մեր բոլոր գործողությունները երբևէ ուղղված չեն եղել և ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում սոցիալական օբյեկտների շինարարություն է ընթանում, և դրա հետ է կապված է աննշան ակտիվությունը: Շոյգուն նշել է նաև զորակոչի անցկացման գործընթացը, ինչը նույնպես հանգեցրել է դեպի ռազմաբազա թռիչքների աճի:







































