Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր է առաջ շարժվել այդ հարցում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր կոչն է՝ չթուլացնել ջանքերը և զբաղվել Դոնբասի բարդ քաղաքական հարցերով, մասնավորապես, Դոնբասում ընտրությունների անցկացմամբ: Այդ մասին մենք նույնպես խոսել ենք և կցանկանայինք առաջ շարժվել այդ հարցում»,-ասել է Մաասը՝ հանդես գալով օգոստոսի 22-ին Կիևում անցկացված ճեպազրույցում, որը հեռարձակվել է Facebook-ում Ուկրաինայի ԱԳ նախարարության էջում: Նրա խոսքով՝ առկա են տարբեր մոտեցումներ Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցում, բայց հարկավոր է գտնել դրանց անցկացման մեխանիզմը:
«Առկա են (Դոնբասում ընտրությունների) տարբեր մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Կարծում եմ՝ տարբերությյուններ չկան մոտեցումների հարցում, ընտրությունները պետք է կայանան, խոսքը դրանց անցկացման ժամկետների մասին է: Թե ինչ ձևով այդ ընթացակարգը կկիրառվի, պարզ չէ… բայց հույս կա, որ մենք դրական լուծում կգտնենք»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել էր հերթական տեղական ընտրությունները, ընդ որում՝ դրանք Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում չեն կայանալու: Ընդունված որոշման համաձայն, այդ տարածքներում ընտությունները կարող են տեղի ունենալ, մասնավորապես, բոլոր զինված կազմավորումների դուրսբերումից և ուկրաինա-ռուսական սահմանների նկատմամբ հսկողությունը հանձնելուց հետո:
Հուլիսին Դոնբասի գծով շփման խմբում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին:








































