ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընթացիկ նախընտրական քարոզարշավի վրա արդեն ռեկորդային գումար է ծախսվել՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար, հաղորդում է The Washington Post պարբերականը:
Նշվում է, որ միջոցները վերջին չորս տարվա ընթացքում օգտագործվել են նախագահի նախընտրական շտաբի, Հանրապետական կուսակցության և դրա հետ կապված երկու հանձնաժողովների կողմից:
Համեմատության համար նշվում է, որ մինչև 2012թ.-ի օգոստոսը, վերընտրվելուց մի քանի ամիս առաջ, Բարաք Օբամայի շտաբը և Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովը քարոզարշավի վրա ծախսել են մոտ 643 միլիոն դոլար:
Պարբերականի տեղեկություններով, հուլիսին, ընթացիկ նախագահական մրցավազքի շրջանակում, Թրամփը կարողացել է 165 միլիոն դոլար նվիրատվություն հավաքել, իսկ նրա հիմնական մրցակից Ջո Բայդենը՝ 140 միլիոն դոլար:
Սպիտակ տան ղեկավարն օգոստոսի սկզբին իր տրամադրության տակ արդեն, ընդհանուր առմամբ, 300 միլիոն դոլար ուներ, իսկ Բայդենը՝ 294 միլիոն դոլար:
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:









































