2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո ապօրինի կերպով դատապարտված քաղբանտարկյալների արդարացման գործընթացի շրջանակներում օգոստոսի 19-ին վճռաբեկ բողոքն է ներկայացվել հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ «Կարևորելով 2008-ի իրադարձությունների հետևանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների՝ նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ և դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու և պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաև Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը և առաջացնում քաղբանտարկյալների դժգոհությունը, քաղբանտարկյալները ձեռնարկում են հիմնարար իրավունքի խախտման հիմքով արդարացման պահանջով վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործընթաց՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր գործով բերված բողոքի հիմքերով ու ընթացակարգով»,- գրել է Արմեն Խաչատրյանը։
Հակոբ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ երկար են սպասել այս օրվան, հիմա էլ ստիպված են ինքնուրույն նախաձեռնել արդարացման գործընթացը, քանի որ նոր Հայաստանում չպետք է լինեն նախկին ռեժիմի ժամանակ ապօրինի, քաղաքական նկատառումներից ելնելով դատապարտված անձինք. «Նոր Հայաստանում չպետք է մեղադրական դատավճռով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալ լինի։ Իհարկե, դատախազությունը ինքն է ժամանակին մեզ ներկայացրել այդ ապօրինի մեղադրանքները, հիմա իրենք պետք է մեր վրայից հանեին դրանք, բայց երևի ծանրաբեռնվածության կամ այլ պատճառներով չեն անում, և մենք ստիպված ենք ինքնուրույն դա անել։ Հնարավոր է, որ դատախազությունը չի էլ ուզում այդ քայլին գնալ, և ստիպված մենք կլուծենք այդ հարցերը։ «7»-ի գործը շատ կարևոր է, ու շատ պետք է, որ այդ գործով անցնողները արդարացվեն։ Ու հետո մենք ուզում ենք Քոչարյանին մեղադրել, բայց քանի դեռ մենք չենք արդարացվել, ոնց կարող ենք Քոչարյանին մեղադրել»։
Հակոբ Հակոբյանը նշեց, որ իր գործով բողոքի ներկայացումից հետո մեկ շաբաթվա մեջ «7»-ի գործով նաև Մյասնիկ Մալխասյանի մասով վճռաբեկ բողոք կներկայացնեն, ու այդպես շարունակ։
Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով դատական համակարգի ներկայիս վիճակը, իշխանությանը դիմադրելու փորձերը՝ հույս ունի՞, որ վճռաբեկ դատարանը նախկին մի քանի գործի օրինակով կարդարացնի իրեն ու մյուսներին, Հակոբյանը պատասխանեց. «Երևի, հույսս չեմ կորցնում»։
Դեռևս ամիսներ առաջ Գլխավոր դատախազի հետ քաղբանտարկյալների արդարացման խնդրով հանդիպում ունեցած իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ, այո, ի սկզբանե դատախազությունն էր հանձն առել իրականացնել քաղբանտարկյալների արդարացման գործընթացը, և այդ հանձնառումը շարունակում է ուժի մեջ մնալ, դատախազությունը այսօր էլ կարող է բողոքներ բերել և կբերի՝ ըստ իրավապաշտպանի։
«Իմ նախաձեռնությամբ 2019-ի օգոստոսին մի խումբ իրավապաշտպաններով հանդիպում ունեցանք գլխավոր դատախազի հետ։ Մեր նպատակն էր առաջարկել, որ դատախազությունը իր նախաձեռնությամբ սկսի քաղբանտարկյալների արդարացման գործընթացը։ Հանդիպումը շատ արդյունավետ անցավ։ Ուրախացնող էր այն հանգամանքը, որ գլխավոր դատախազը ոչ միայն համաձայն էր, որ արդարացման համար բողոքներ բերվեն, այլև ինքը իրավական ճանապարհներ մատնանշեց և խոստացավ, որ դատախազությունը իր վրա կվերցնի այդ գործը։ Մենք էլ մեր կողմից խոստացանք օժանդակել։ Բայց, ցավոք, այս մեկ տարին ցույց տվեց, որ արդարացման գործընթացը ավելի քան դանդաղ է ընթանում։ Չեմ կարող ասել, թե ինչով էր պայմանավորված մեզ բոլորովին չգոհացնող այս դանդաղ ընթացքը, բայց ակնհայտ էր, որ դատախազությանը զուգահեռ պետք էր մի նոր ճանապարհ ևս մտածել։ Հակառակ դեպքում նախկին քաղբանտարկյալներին արդարացված տեսնելու համար տարիներ են պետք լինելու։ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր գործով բերված բողոքի հիմքերով ու ընթացակարգով հնարավոր է քաղբանտարկյալների արդարացման գործն ավելի արդյունավետ դարձնել»,- ընդգծեց իրավապաշտպանը։











































