ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կառավարության անդամ նախարարներն ու մարզպետները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված»,- հայտարարեց Փաշինյանը:
Ի՞նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները կառավարության անդամներին տրվող պարգևավճարների մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցված քաղաքացիները միակարծիք էին այն հարցում, որ պարգևավճարների ինստիտուտը պետք է վերանայվի, որպեսզի պարգևավճարի արժանանան միայն այն պաշտոնյաները, ովքեր իրենց ղեկավարած ոլորտում, իսկապես, կարողացել են դրական արդյունքներ արձանագրել:
Վարչապետը միևնույն ժամանակ հայտարարեց նաև՝ կառավարության անդամները ժողովրդի ծառաներն են, իսկ ժողովուրդը նրանց գործատուն, կառավարության անդամները պետք է ծառայեն իրենց գործատուին:
Այս համատեքստում քաղաքացիները նշեցին՝ կառավարությունն, առնվազն, արդար չի վարվում, երբ գործատու-ժողովուրդին տալիս է անհամեմատ ավելի նվազ աշխատավարձ ու կենսաթոշակ, որը շատ դեպքերում չի բավարարում անգամ կենսական անհրաժեշտության հոգսը հոգալ, մինչդեռ գործատու-ժողովրդի ծառաները՝ կառավարության անդամները, ստանում են բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ:
Մանրամասները՝ տեսանյութում:











































