Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ վենեսուելացիները, հնարավոր է, իրեն շուտով ճաղատ տեսնեն՝ քննադատելով ընդդիմությանը, որը նախօրեին հայտարարել էր, թե Չավեսի հիվանդությունը վերջինիս նախընտրական արշավի մասն է: «Հնարավոր է՝ արդեն մի քանի օրից Չավեսին ճաղատ տեսնեք»,- ասել է Վենեսուելայի նախագահը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, հակահեղափոխականներ, աջակողմյաններ, կապիտալիստներ և իմպերիալիստներ սկզբում սկսել էին տոնել Չավեսի մահը, որը հիվանդ է քաղցկեղով, որի օրգանիզմում մետաստազներ կան, իսկ հիմա էլ պնդում են, թե այս ամեն սուտ էր, և որ ես ընդհանրապես հիվանդ չեմ, ես շոու եմ սարքել»,- ասել է Չավեսը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ քիմիաթերապիայից մարդկանց մոտ մազաթափություն է լինում, սակայն դա Չավեսի դեպքում տեղի չունեցավ:










































