Business-Грузия-ի փոխանցմամբ՝ երկամյա հաջող աշխատանքներից հետո Վրաստանում դադարեցվել է գորտերի ու կոկորդիլոսների արտահանումը։
2009 թվականին «Կուրսալի 47» ընկերությունն իրականացրել է 250,000 գորտերի և 4 տոննա երկկենցաղների արտահանումը։
Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 14,000 դոլար։ Վրացական գորտերի միակ սպառողը եղել է Ֆրանսիան, թեպետ պլանավորված էր ընդլայնել շուկան։
2010 թվականին դրանց արտահանմամբ զբաղված էր «Լոգո Ջորջիա» ընկերությունը, որը գրանցվել է Թուրքիայի քաղաքացու կողմից։ Ֆրանսիան առաջին վեց ամիսներին Վրաստանից ներկրել է 60 կիլոգրամ գորտի տոտիկներ։
2011 թվականին արտահանումն անհայտ պատճառներով կասեցվել է։ Այս կապակցությամբ գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ որևէ տեղեկատվություն չունի այդ մասին։
Ինչ վերաբերում է կոկորդիլոսներին, ապա դրանց ֆերմայի ստեղծման վրա ծախսվել է 12,000 եվրո։ Կոկորդիլոսների մսի ու կաշվի արտահանումն իրականցրել է վրաց-գերմանական «Ժակիրի» ընկերությունը։
Նշվում է, որ 3-4 տարի առաջ Վրաստանում գործում էր նաև ջայլամների ֆերմա, մինչդեռ ներկայումս չկա։








































