Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրում գրել է, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ են մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։
Ըստ այդմ՝ Հանրապետության և Տիգրան Մեծի փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը:
https://www.facebook.com/sergevarak.sisserian.50/videos/163881501911891/
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆիրդուսի պատմամշակութային արժեքի համար պայքարող, հետազոտող Տիգրան Ամիրյանը նախ նշեց՝ շարունակվում է պահպանվել ոչ թափանցիկ մոդելը՝ կառավարչությունն ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերում կառուցապատողի հետ։ Չկան որևէ հանրային քննարկումներ, ճարտարապետական համայնքի կարծիք։ «Մենք այդ ամենը չենք տեսել։ Մենք տեսնում ենք ինչ-որ վերջնական որոշումներ»,- ասաց նա։
Անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասի Հանրապետության և Տիգրան Մեծի փողոցներին հարակից վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութին, որը հրապարակել է Վարագ Սիսեռյանը, Ամիրյանը նշեց՝ շատ խորամանկ ձևով ցույց են տալիս թաղամասի միայն մեկ կողմը։
«Նույն կլոր հրապարակով բարձրահարկ շենքերը, որ նախատեսված է կառուցել, չի չեղարկվում։ Նույն պլանը պահպանվում է։ Ֆասադային առաջին հատվածը, որը ցույց են տալիս իբրև թե պատմամշակութային գեղեցիկ արժեքի պահպանվող մաս, ոչ մի կապ չունի Ֆիրդուս թաղամասի այսօրվա պատմամշակութային շենքերի հետ։ Այդ մասում կան բնակելի շենքեր և ունեն իրենց ամուր կապը տեղի բնակիչների հետ։ Ներկայացված մոդելում ոչ մի կտրուկ փոփոխություն չեմ տեսնում։ Պարզապես փորձ է հանրությանը ներկայացնել՝ իբր փորձում են ինչ-որ բաներ պահպանել։ Ի սկզբանե շատ սխալ աշխատանք է կատարվել թափանցիկության առումով։ Ի դեպ, ասեմ՝ այդ մոդելի մեջ կանաչ տարածքներ ընդհանարապես գոյություն չունեն։ Դրանց փոխարեն լինելու են ծաղկամաններով դեկորատիվ ինչ-որ բաներ»,- տեսակետ հայտնեց նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը։
Նրա խոսքերով՝ ճարտարապետական խնդիրները պետք է լուծել հանրային քննարկումների միջոցով, ոչ թե փակ դռների հետևում որոշում կայացնել՝ պաշտպանելով որոշ մարդկանց կամ կազմակերպությունների բիզնես շահերը։
Ամիրյանը հիշեցրեց, որ նախաձեռնող խմբի անդամները, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, մասնագետները նոր թափանցիկ և բաց մրցույթ են հայտարարել, որին կարող են մասնակցել նաև արտասահմանցի ճարտարապետներ։ «Դա շատ լավ նախադեպ է՝ ցույց տալու, թե ինչպես պետք է անցկացվեն նմանատիպ ճարտարապետական մրցույթները»,- ասաց Տիգրան Ամիրյանը։ Մրցույթի ամփոփումը, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերին։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ևս այս փոփոխությունների վերաբերյալ հայտնել է իր տեսակետը։ Ըստ կոմիտեի՝ ներկայացված եռաչափ տեսանյութն ուղղակի մանիպուլատիվ է, քանի որ, իբրև թե ցուցադրում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցումը և դրանում նախատեսվող փոփոխությունները, բայց այդտեղ ներկայացված տարածքի որոշ մասն առհասարակ դուրս է նախկինում հանրայնացված փաստաթղթերով նախատեսվող տարածքից։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն մի քանի կետից բաղկացած հայտարարություն է արել՝ բարձրաձայնելով մի շարք հարցեր, այդ թվում՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել ապօրինի գործունեությունը։
«Կառավարությունն ի զորու չէ հոդաբաշխ պատասխանելու թաղամասի կառուցապատման օրինականությանը վերաբերող տարրական հարցերի։ Ակնհայտորեն բացակայում է քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, մասնավորապես՝ նախագիծը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) ու համապատասխան թույլտվությունների զգալի մասը։ Կառավարությունն անկարող է հանրությանն արձագանքելու խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մելիքյանի՝ իբրև Ֆիրդուսի թաղամասի իրացման և կառավարության կողմից հաստատված խմբում ներդրողների հետ աշխատանքի պատասխանատու ներգրավելու հետ կապված հարցերին։
Ինչպես նաև «Դիանար» ՓԲԸ ընտրության և այն ֆինանսական սխեմայի մասին հարցադրումներին՝ առ այն, թե ինչու կառուցապատում իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների հիմնադիրը նույն Մելիքյանն է: Կառավարությունը ձեռնոց է նետում հասարակությանը՝ հաստատելով Նարեկ Սարգսյանի հայեցակարգը և ընդգրկելով նրան կառավարության աշխատանքային խմբում՝ քաջ իմանալով, որ նա ակնհայտորեն շահերի բախման վիճակում էր, երբ զբաղեցնում էր բարձր պաշտոն և միաժամանակ մշակում և հաստատում Ֆիրդուսի կառուցապատման, այսպես կոչված, կոնցեպտը։
- Ներկայացված տեսանյութն ուղղակի մանիպուլատիվ է, քանի որ, իբրև թե ցուցադրում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցումը և դրանում նախատեսվող փոփոխությունները, բայց այդտեղ ներկայացված տարածքի որոշ մասն առհասարակ դուրս է նախկինում հանրայնացված փաստաթղթերով նախատեսվող տարածքից։ Նարեկ Սարգսյանի հեղինակած հայեցակարգը՝ բարձրահարկ շենքերով և կլոր հրապարակով, մնում է անփոփոխ, ինչն անդառնալի հետևանքներ կունենա քաղաքի պատմամշակութային շերտերի աղավաղման գործում։ Հանրապետության փողոցի երկայնքով գոյություն ունեցող հուշարձան շենքերի հետնամասում զբոսաշրջային փողոց բացելու մտահղացումը ոչ այլ ինչ է, քան իրացման ենթակա ամբողջ տարածքի հիմնական կառուցապատման ամենավիճելի հատվածի՝ նոր հրապարակի և նրա շուրջ 13 հարկանի շենքերի կառուցումն արդարացնելու խղճուկ փորձ։
Հանրապետության փողոցի շենքերի մասշտաբի և դրա հետնամասում առաջարկվող շենքերի ցածր հարկայնության քողի տակ թաքցվում են նախատեսվող կառուցապատման իրական ծավալները, որոնք աղետաբեր հետևանքներ են առաջացնելու ոչ միայն տվյալ թաղամասի համար, այլև ամբողջ շրջակայքի, այդ թվում՝ Հանրապետության հրապարակի և Երևանի ճանապարհային ցանցի հիմնական անոթներից մեկի՝ Խանջյան փողոցի երթևեկության և այլ ենթակառուցվածքային համակարգերը սպասարկելու առումով։
- Ըստ 2018 թվականի մարտի 22-ի կառավարության 332-Ն որոշման, տեսանյութում ներկայացված հատվածը չի հանդիսանում իրացման գոտու տարածք, ինչը նշանակում է, որ այդ «դրական փոփոխություն»-ը, ըստ էության, ոտնձգություն է մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության նկատմամբ։ Սա հակասում է 2020 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ ներկայացրած Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման սխեմային։
- Կոմիտեի բազմիցս բարձրաձայնած մտահոգությունները ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ 33-րդ թաղամասի նախագծային խմբի փաստացի ղեկավար լինելու կապակցությամբ մինչ օրս ոչ միայն չեն փարատվել կամ հերքվել պատկան մարմինների կողմից, այլև ցուցադրված տեսանյութում ակնառու կերպով երևում է վերջինիս ձեռագիրը։ Մասնավորապես, Հանրապետության 46 հուշարձան շենքի անմիջապես հարևանությամբ նախատեսվում է կառուցել ճիշտ մեկ խաչմերուկ ներքև, Բուզանդի և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում վերջինիս հեղինակած շենքի կրկնօրինակը։ Այդպիսի մի շենք էլ Նարեկ Սարգսյանը նախագծել և կառուցել է Հյուսիսային պողոտայում։ Այս առաջարկը հուշարձանների պահպանության զուտ նարեկսարգսյանական նմուշ է, որը հանդիպում է ՀՀԿ-ի վարչական շենքի, ՀԲԸՄ-ի շենքի «վերակառուցման» օրինակներում, երբ մի դեպքում մեկ հարկանի ճակատային շենքը դարձել է եռահարկ անկյունային շենք, իսկ երկրորդ դեպքում՝ լուսանկարի վրայից ուղղակի նկարվել, ապա մեջտեղից երկու մասի է բաժանվել քաղաքային դումայի շենքը։
Երևանի ժառանգության կոմիտեն, վերահաստատելով իր նախորդ պահանջները, կոչ է անում․
– Փոխվարչապետի գրասենյակին՝ հրապարակել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ խնդրո առարկա այս նախագիծը և եռաչափ մոդելավորումը կատարած ճարտարապետի անունը,
– ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել այս ապօրինի գործընթացը և ձեռնպահ մնալ նման մանիպուլատիվ և իմիտացիոն նախագծային առաջարկների ներկայացումից,
– Երևանի քաղաքային իշխանություններին՝ տեր կանգնել իրենց առաջնային մանդատով ստացած լիազորություններին և ակտիվորեն պաշտպանել Երևան քաղաքի մշակութային ժառանգությունը և բնակիչների շահերը,
– Իրավապահ մարմիններին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ դիտարկել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ հնարավոր շահերի բախման դրսևորումները և նախագծի իրականացման ամենատարբեր օղակներում ներգրավված անձանց կապերը»։









































