Անդրադառնալով վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու ու հայ հոգևորականների մասին մամուլում շրջանառվող լուրերին ու վերջիններիս պահվածքին՝ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին մեր «ազգին ծառայելու առումով» բուժման կարիք ունի։
Որպես օրինակ՝ նա բերեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հովնանի խոսքը, որը հուշարձանագետի հետ Եհովայի վկաների մասին խոսելիս ասել էր՝ «մենք բաց ենք, ժողովուրդը թող գա դեպի մեզ»։
Ներկայացնելով Եղվարդում աղանդավորների թվի աճն ու մարդորսությամբ զբաղվող աղանդավորների՝ պայուսակներն ուսերին դեպի ժողովուրդը գնալու վճռականությունը՝ հուշարձանագետը հայտնեց, թե ի պատասխան ասել է՝ հերիք չէ՞ 1700 տարի սպասեն, որ մարդիկ գնան դեպի եկեղեցի։ «Ժամանակն է, որ եկեղեցին գնա դեպի ժողովուրդը»,- ասաց նա։
Նա պատմեց նաև, որ երբ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի վարդերը թառամել են, քաղաքապետարանից, որն ամեն ինչ արել է եկեղեցու շուրջը բարեկարգ պահելու համար, քահանային առաջարկել են ջրել ծաղիկները, վերջինս պատասխանել է, թե ինքն այգեպան չէ, որ ծաղիկները ջրի։








































