Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կարծիքով՝ «Հայանտառ»-ի և դրա մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի, և 100 տոկոսով պետք է փոխվի անձնակազմը:
«Այո, ճիշտ եք, նախորդ իշխանության շրջանում «Հայանտառ»-ի աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն: Դրա համար պետք է համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծվեն, որովհետև այդ մարդիկ աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, և աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս նրանց ազատել աշխատանքից, բայց ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մարզպետը։ Չոբանյանի խոսքերով՝ օր առաջ պետք է անտառպահպանման գործառույթները հանել ոստիկանության գործառույթներից: «Ոստիկանությունը այսօր մասնակցում է անտառպաշտպանությանը այն պատճառով, որովհետև «Հայանտառը» ի զորու չէ իր ռեսուրսներով ապահովել դա»,- ընդգծել է մարզպետը:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի կարծիքով՝ ապօրինի անտառահատումների խնդրի լուծումը լրիվ այլ տեղ է։ « Այսօրվա դրությամբ փոփոխություններ արեցին, բայց ստացվեց ինչ՝ «Հայանտառ»-ն ու Անտառային կոմիտեն մտցրին բնապահպանության նախարարության կազմի մեջ։ Միակ վերահսկող մարմին կար՝ «Պետական անտառային մոնիթորինգը», որը առանձին պետք է վերահսկողություն իրականացներ, ըստ էության բոլորն հայտնվում են նույն դաշտում ու այնքան քիչ ռեսուրս ունեն, որ չեն կարողանա լուրջ գործողություն իրականացնել։ Հիմա խնդիրն այն է, որ այդ «Պետական անտառային կոմիտեն» անգամ չի էլ գործում։ Իրենց կայքում ոչինչ չկա։ Փաստն այն է, որ փոխհակազդեցության մեխանիզմները թույլ են։ Եթե առաջ գոնե շահերի բախում կար օրինական ու անօրինական անտառահատողների միջև, այդ ժամանակ ինչ-որ բաներ հայտնաբերվում էին»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքերով՝ ստացվում է հետևյալը․ «քանի որ չենք կարողանում ապօրինի անտառահատումների դեմն առնել, եկեք օրինականացնենք դրանք»։ «Մենք, ցավոք սրտի, դա ենք տեսնում ու որը դարձել է իրականություն ու տարբերակ ներկա կառավարության համար։ Վերջին մեկ տարվա չակերտավոր օրինական անտառահատումների ծավալները նայելիս, հասկանում ես, որ խայտառակ գործողություններ է կատարվում։ Այսինքն՝ այդ «օրինական» հատումների տակ ոչնչացնում են անտառները։ Դեռ հարց է՝ այդ օրինականի սահմաններից դուրս ինչքան էլ անօրինական է հատվում։ Բացահայտումներ լինում են, բայց դրանք ընդհանուր պատկեր չեն տալիս»,- ցավով նշեց Լևոն Գալստյանը։
Որպեսզի գնահատական տրվի, թե անտառահատման, անտառների ոչնչացման գործընթացում ի՞նչ դեր են ունեցել «Հայանռատ»-ն ու մնացած կառույցները, Գալստյանի խոսքերով՝ պետք է գոնե մեկ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության ենթարկված լիներ։ «Նույն այդ «Հայանտառ»-ի նախկին տնօրենը։ Պետք էր հստակ ֆիքսվեր ու պաշտոնական մակարդակով հայտարարվեր, որ այն օրենսդրական դաշտը, այն կարգավորումները, այն որոշումները, այն կարգերը, որոնք ստեղծվել են այդ ոլորտը կարգավորելու համար, ոչ թե նպատակաուղղված են եղել պետության, բնության ու քաղաքացու շահերի պաշտպանությանը, այլ ուղղված են եղել որոշակի մարդկանց շահերը սպասարկելուն։ Դրանց վրա ընդհանրապես պետք է խաչ քաշել ու ստեղծել բնության ու պետության շահերը սպասարկող օրենսդրություն։ Դա չի արվել, ու հիմա փորձ է արվում ինչ-որ դրվագային փոփոխություններով հասնել համակարգային փոփոխությունների։ Նման բան չի լինում։ Այստեղ լուրջ, իրական ռեֆորմի կարիք կա, ոչ թե բարեփոխումների։ Ռեֆորմ նշանակում է՝ ամբողջովին փոխել համակարգը, որը մշտապես ծառայել է որոշակի շրջանակների շահերին։ Դրա գնահատականը մինչև չտրվի, մեղավորները մինչև պատասխանատվություն չկրեն, արդյունքի չենք հասնի»,- իր խոսքն ամփոփեց աշխարհագրագետ Լևոն Գալստյանը։






































