Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը դեմ են արտահայտվել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հաջորդ նախագահի պաշտոնում Թուրքիայի թեկնածուի ընտրությանը, հաղորդում է Ahval-ը։
ՄԱԿ ԳԱ նախագահը պաշտոնը զբաղեցնում է մեկ տարով, և փոխվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջև ռոտացիայի սկզբունքով։ «Արևմտյան Եվրոպա և մյուսներ» խումբը, որի մեջ մտնում է Թուրքիան, պետք է պաշտոնը զբաղեցնի 2020-2021թթ․։ Թուրքիայի թեկնածուն եվրոպական հարցերով նախկին նախարար Վոլքան Բոզկիրն է։
Նախագահն ընտրվում է հավանության միջոցով՝ Գլխավոր ասամբլեայի համապատասխան նստաշրջանում: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆիզիկական հանդիպումների բացակայության պայմաններում ՄԱԿ-ը որոշել է անցկացնել «լռության ընթացակարգ», որը առնվազն 72 ժամ է տրամադրում անդամ-պետություններին՝ բանաձևի կամ որոշման նախագծին առարկելու համար:
Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը մերժել են Թուրքիայի թեկնածությունը:
Այսպիսով, ՄԱԿ ԳԱ-ն պարտավոր է լիարժեք քվեարկություն անցկացնել նախագահի թեկնածուի հարցով։
Բոզկիրն այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր է երկրի խորհրդարանում։ Եթե նրան ընտրեն, Թուրքիան առաջին անգամ նշանակալի աստիճանի խորհրդանշական պաշտոն կզբաղեցնի ՄԱԿ-ում։
Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չնվազեցնի իր ագրեսիան Միջերկրական ծովի արևելյան մասում, ապա նրան այլևս պետք չէ Եվրամիության անդամության թեկնածու համարել:






































