ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանի դատավորների աշխատանքում խնդիր է տեսնում, ասում է՝ դուրս են եկել իրենց լիազորություններից։ Պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն որոշմանը, որով վերացվել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Պատգամավորը դատավորների շրջանում վեթինգի կարիք է տեսնում։ Դիտարկմանը, թե մեխն էլ, մուրճն էլ իշխանության ձեռքում է, նշում է, որ վեթինգի տարբեր ձևեր կան, իշխանությունը գնում է ոչ ռադիկալ, անցնցում փոփոխությունների։ Հետաքրքրող հարցին, թե այդ անցնցում ճանապարհին էլ հանրությունը ականտես է լինում նման վճիռների, ինչպե՞ս պետք է դատավորին վստահի նույն հանրությունը, նշում է՝ խնդիրը իսկապես առկա է, բայց թեկուզ դանդաղ, հասնելու են ցանկալի նպատակին։