Կառավարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի բարձր լեռնային գոտիներում գետերի եզերքով կտնկվեն ուռենիներ՝ ստեղծելով ափապաշտպան անտառաշերտեր: Ծառատնկման աշխատանքներ կիրականացվեն 6 մարզում: Այս աշխատանքներն իրականացնելու համար կներգրավվի մոտ 1000 մարդ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ սա դասական ծրագիր է, որտեղ ներդաշնակեցված են բնապահպանական արդյունավետությունը և տնտեսական ու սոցիալական բաղադրիչները:
Նախարարի խոսքով՝ այս նախաձեռնությունն իրականացվելու է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված Կառավարության 15-րդ ծրագրի շրջանակներում. «Մի կողմից՝ ներգրավված մարդիկ հնարավորություն կունենան գումար աշխատել, մյուս կողմից՝ նրանց կատարած աշխատանքը դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա»:
Նախարարի դիտարկմամբ՝ կորոնավիրուսը շրջակա միջավայրի ոլորտում ունեցել է և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն. «Կատարված մոնիթորինգի տվյալներով՝ նվազել է օդի աղտոտվածությունը Երևանում և մյուս քաղաքաներում: Բայց մյուս կողմից՝ աճող սոցիալական լարվածությունը սովորաբար բերում է բնական ռեսուրսների սպառման գերլարվածության»:
Էրիկ Գրիգորյանը նաև հավելեց, որ 2020թ. պետական բյուջեով նախատեսված նախագծերը պահպանվում են, բայց իրականացման ժամկետները հետաձգվել են:
Մանրամասն՝ տեսանյութում:






































