Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելու, օրակարգում ընդամենը երկու հարց է, որոնք վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություններին և կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն:
Առաջին նախագծի հեղինակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է, նա առաջարկում է Փոքր և միջին ձեռնարկատերերի հարկերի ուշացումների տույժ- տուգանքների չափը նվազեցնել: Մյուս նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է, նա առաջարկում է հնարավորություն ընձեռել մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել մեկ տարում՝ սեփական հայեցողությամբ:
«Առաջին լրատվական»- ի հետ զրուցում Բաբկեն Թունյանը և Միքայել Մելքումյանը պարզաբանեցին, թե վերոնշյալ օրինագծերն ինչ կփոխեն տնտեսվարողի կյանքում:
«Փորձում ենք այս ճգնաժամային իրավիճակում տնտեսվարողների կյանքը առավելագույնս հեշտացնել: Այս երկու նախագծերը տարբեր խնդիրներ են լուծում, Միքայել Մելքումյանի հեղինակած նախագիծը հարկերը չվճարելու դժվարությունների հաղթահարմանն է վերաբերում. այդ նախագծով հնարավորություն է տրվում հարկերն ուշ վճարել և ժամկետանց պարտավորության տույժի տոկոսները նվազեցնել: Ըստ էության, պետությունը ՓՄՁ-ներին «հարկային արձակուրդ» է տալիս: Մյուս նախագիծը վերաբերում է հետճգնաժամային տնտեսական զարգացմանը, դա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք»,- նշեց Բաբկեն Թունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































