Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ դատական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը և դիտարկումներ արել․ կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը: Նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կկիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա: Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ:
«Ոչ մի հիմք չունենք ասելու, որ այդ օրենքները կարող են չարաշահվել, վատ կիրառվել կամ խախտվել»,- նշեց Վիգեն Քոչարյանը:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ հիմա գալիս է «վնգստացող դատավորների և «կորոնավիրուսային» դատարանի՝ Սահմանադրական դատարանի պատասխան տալու հերթը»: Անդրադառնալով այս դիտարկմանը, ԲԴԽ անդամն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունները հնարավորություն են տալիս ձերբազատվել անբարեխիղճ դատավորներից: «ԲԴԽ-ն չպետք է արձագանքի այն հայտարարություններին, որոնք արվում են քաղաքական հարթության վրա, քաղաքական վեճի շրջանակներում, դա է թելադրում օրենսդրությունը: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, թե արդյոք այս օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են ընձեռում ձերբազատվել անբարեխիղճ դատավորներից, նրանցից, ովքեր չեն համապատասխանում բարեվարքության ստանդարտներին, ապա այո, սահմանվում են հստակ մեխանիզմներ, որոնք նախատեսում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի նորստեղծ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատավորների տվյալները, եկամուտների և գույքի հայտարարագրերը, և եթե դրանք կասկածի տակ դրվեն, կարող է դիմել ԲԴԽ-ին, որը վարույթ կսկսի: Լիահույս եմ՝ ԲԴԽ-ն կգործի արդյունավետ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































